Արցախի պետական համալսարան

 

DSC00002

   Հոկտեմբերի 19-20-ը Երևանում տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների կրթության ոլորտի աշխատողների և ուսուցիչների 2-րդ համագումարը, որին մասնակցում էր ԱՊՀ անդամ 9 պետությունների` Հայաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Տաջիկստանի, Ղազախստանի, Ղըրղըզստանի, Թուրքմենիայի և Մոլդովայի ավելի քան 500 պատվիրակ, ԱՊՀ անդամ պետությունների քաղաքական և հասարակական հայտնի գործիչներ, կրթության կառավարման մարմինների ներկայացուցիչներ, ուսուցիչներ, դասախոսներ, մեթոդիստներ, կրթական և գիտական հանրույթի անդամներ:

Համագումարի մասնակիցներին ողջունել են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ԱՊՀ անդամ պետությունների գործադիր կոմիտեի նախագահ, գործադիր քարտուղար Ս. Լեբեդևը և ԱՊՀ անդամ պետությունների կրթության ոլորտում համագործակցության խորհրդի նախագահ Վ. Ստրաժևը: Համագումարի ընթացքում համապատասխան զեկուցումներով հանդես են եկել նույն օրերին Երևանում անցկացվող ԱՊՀ անդամ պետությունների կրթության նախարարների համաժողովին մասնակից կրթության նախարարները:
Ռազմավարական նշանակություն ունեցող միջոցառմանը մասնակցել է նաև Ռուսաստանի կրթության ակադեմիայի փոխնախագահ,  ՌԿԱ ակադեմիկոս, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վիկտոր Բոլոտովը:
Մեր հարցազրույցը:

- Վիկտոր Ալեքսանդրի, ո ՞ րն էր Հայաստան և Արցախ Ձեր այցի նպատակը:
- Ես և իմ գործընկերը, ով նույնպես Ռուսաստանի կրթության ակադեմիայի փոխնախագահ է` Բորիս Մարտիրոսյանը, մասնակցել ենք Երևանում կայացած  համագումարին: Իսկ Լեռնային Ղարաբաղ եկել եմ նրա` Բորիս Պաստերովիչի հրավերով: Նա ղարաբաղցի է և ամեն անգամ առիթը բաց չի թողնում գալ և այցելել հայրենի գյուղ` Տոնաշեն:
Մեզ համար այդ համագումարն անչափ կարևոր էր հատկապես տարբեր երկրներում կրթության իրավիճակը գնահատելու տեսանկյունից: Անհրաժեշտ էր իմանալ` որ երկրներում որքանով է պահանջված այն: Ճիշտ է, ոլորտի ներկայացուցիչների հետ հաճախակի շփման միջոցով պատկերը մոտավորապես ծանոթ էր, բայց կարևոր էր տեղեկանալ, թե ինչ են մտածում իրենք` ուսուցիչներն այդ առթիվ: Գաղտնիք չէ, որ ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Հայաստանում և մյուս երկրներում ոչ բոլոր ուսուցիչներն են գոհ կրթական համակարգում իրականացվող բարեփոխումներից...
- Ի ՞նչ հարցեր են քննարկվել համագումարում: Ո՞րն էր կրթության ոլորտի մասնագետներին հուզող ամենահրատապ հարցը, եթե իհարկե, եղել է այդպիսին...   
- Ես կասեի` չի եղել հրատապ լուծում պահանջող թիվ 1 խնդիր: Բայց կուզենայի նշել, որ կար մի ընդհանուր տենդենց` մեր երկրների փորձն օգտագործելու առումով:   Կարծես վերջապես հասկացել են, որ անցնել այդ ճանապարհը միայնակ կամ ասիական, ամերիկյան երկրների աջակցությամբ` սխալ է... Որ անհրաժեշտ է հավաքվել միասին` քննարկել ընդհանուր հիմնախնդիրները, չնայած լուծման եղանակները տարբեր են: Բազային գործընթացն այսօր անընդհատ փոփոխվում է, և պետք է ստեղծել համապատասխան համակարգ` համաշխարհային զարգացման ընթացքից դուրս չմնալու համար: Այսուհանդերձ` չի եղել այնպիսի իրավիճակ, երբ որևէ մեկին պարտադրվի ինչ-որ մոտեցում: Համագումարը բաց էր շահագրգիռ քննարկումների համար: ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն իր ելույթում առաջ քաշեց մի ցավոտ հարց. որակյալ կրթությունը չճանաչված պետությունների ժողովուրդների համար մատչելի դարձնելու հարցը, ինչը լայն արձագանք գտավ մասնակիցների կողմից: Կրթության իրավունքը մարդու իրավունքի անբաժանելի մասն է և ամենևին էլ կապված չէ պետական-իրավական կարգավիճակի հետ: Պետք է մտածել այն մասին, որ երեխան մեղավոր չէ ստեղծված իրավիճակի համար և լուծել այդ հիմնախնդիրը: Մենք, իհարկե, չենք զբաղվի քաղաքականությամբ, չենք քննարկի, թե ով է արդար և ով` մեղավոր: Բայց որ երեխաները հաստատ մեղավոր չեն, և չպետք է ձևական փաստաթուղթ լինի, որպեսզի նրանք կարողանան նորմալ ապրել և որակյալ կրթություն ստանալ` պարզից էլ պարզ է: Ուստի, մի կողմ թողնելով քաղաքականությունը, պետք է օգնել այն մարդկանց, ովքեր ունեն կրթության իրավունքի խնդիր, ԱՊՀ նախագծերով կրթական միասնական տարածք ներառել ոչ թե պետություններին, այլ մարդկանց, որովհետև պետության, այդ թվում` չճանաչված, գլխավոր արժեքը մարդն է:
Համագումարն արդյունավետ էր տարբեր ուղղություններով լավագույն փորձի փոխանակման առումով: Պատվիրակներին հետաքրքրել է Հայաստանի փորձը ավագ դպրոցների ցանցի ստեղծման, 12-ամյա կրթության, հանրակրթական դպրոցներում շախմատի դասավանդման, բարձրագույն կրթության վկայականի միջազգային ճանաչման, Բոլոնիայի գործընթացին ներգրավվածության տեսանկյունից:  Ուրախալի է, որ Հայաստանն այսօր ոչ միայն ներմուծում է միջազգային առաջավոր փորձը, այլև ստեղծում է սեփական արդյունքը և որպես ազգային նախագիծ` ներկայացրեց հանրակրթական դպրոցների 2-4-րդ դասարաններում շախմատը պարտադիր առարկա ներդնելու գործընթացը:
Ընդհանուր առմամբ` համատեղ աշխատելու ձգտումը վառ արտահայտված էր բոլորի մոտ: Հուսով ենք, որ Երևանում ծավալված երկխոսությունը կնպաստի մեր պետությունների կրթության զարգացման քաղաքականությամբ զբաղվողների միջև արդյունավետ ռազմավարության մշակմանը: Մենք, ի դեմս Ռուսաստանի կրթության ակադեմիայի, պատրաստ ենք աջակցել կրթության ոլորտի համագործակցության ընդլայնման նպատակով նախատեսված բոլոր միջպետական նախագծերին: 
- Ինչպե՞ս եք գնահատում բոլոր այն բարեփոխումները, որոնք իրականացվել են հանրակրթության և բարձրագույն կրթության բնագավառներում: Ի դեպ, ե՞րբ կավարտվեն դրանք: Մարդիկ կարծես ՙհոգնել են՚...
- Բարեփոխումներն անխուսափելի են և տեղի են ունենում բոլոր երկրներում: Քանի դեռ մարդկության հասարակական և տնտեսական զարգացումները շարունակվում են, փոփոխվող աշխարհը և հասարակությունը մեր առջև մշտապես նոր հարցեր և մարտահարվերներ են դնելու: Դրանք առաջին հերթին ստիպում են մեծ ուշադրություն դարձնել լեզուներին` այդ թվում օտար: Գրեթե բոլորն ասում են, որ պետք է առավելությունը տալ բազային ֆունդամետալ գիտությանը`  մաթեմատիկային: Շատերը գտնում են, որ ավագ դպրոցում պետք է համառորեն առավել ուշադրություն դարձնել մասնագիտական ուսուցմանը, որպեսզի երեխաներն արդեն իսկ պատրաստ լինեն բուհ ընդունվելուն կամ աշխատելուն: Չկա մի այնպիսի երկիր, որտեղ բոլոր նմանատիպ հարցերը լուծված լինեն: Բայց յուրաքանչյուր երկիր սեփական պրակտիկայից թեկուզ մի փոքր լավ մասնիկ ունի, որը հետաքրքրություն է առաջ բերում մյուսների համար, և որին կարելի է նույնիսկ նախանձել: 
Ինչ վերաբերում է բարձրագույն կրթությանը, անչափ ուրախալի է, որ Բոլոնիայի գործընթացին ինտեգրվել են Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը: Երկու տարուց հետո նախատեսվում է մեծ համագումար անցկացնել` Բոլոնիայի գործընթացի կապակցությամբ, որին կմասնակցեն նաև հայաստանյան մեր գործընկերները: Եվրոպական կրթությունը մեր երեխաներին հնարավորություն է տալիս սովորել տարբեր երկրների առաջատար բուհերում: Գնում, սովորում և վերադառնում են`  համոզված, որ փաստաթուղթը ճանաչվում է բոլոր երկրներում:  
- Այսինքն` Դուք գտնում եք որ դա՞ է միակ ճշմարիտ ուղին` եվրոպական կրթությանն ինտեգրվելը... Իսկ ինչո՞վ էր վատ խորհրդային տարիների կրթությունը...
- Անշուշտ, եվրոպական կրթությունը ճշմարիտ ուղին է: Բարձրագույն դպրոցի բարեփոխումներից խոսելիս ես կուզենայի ընդգծել Հայաստանի Ազգային ակադեմիայի շրջանակներում գործող համալսարանի փորձը` կոնկրետ որոշարկված  մասնագիտությունների գծով և միայն մագիստրատուրայի բաժնով: Բնականաբար,  գիտական մասնագիտություններ են` ֆիզիկա, մաթեմատիկա, քիմիա... Ինձ իմ գործընկերները պատմել են, որ ընդունելությունն այստեղ չափազանց մեծ է` ուսանողներ կան Ռուսաստանից, Իրանից, և ի զարմանս ինձ` Հնդկաստանից... Չէ՞ որ Հնդկաստանը միշտ հակված է եղել դեպի Անգլիան, Ամերիկան... Ինչ վերաբերում է խորհրդային կրթությանը` եկեք անկեղծ լինենք: Մենք ձեզ հետ միասին ավարտել ենք խորհրդային դպրոցը: Մեր դասարաններում բոլո՞րն էին փայլուն տիրապետում  ֆիզիկային, քիմիային, մաթեմատիկային... Իհարկե, ոչ: Խորհրդային դպրոցը լավ է եղել նրանց համար, ովքեր հակված են եղել խորացված գիտելիքներ ստանալու: Խորհրդային դպրոցն այդ հարցում չուներ անհատական մոտեցում: Մեր դասագրքերը, եթե լուրջ խոսենք, խորացված գիտելիքների համար էին: Այսօր այլ են պահանջները: Միության փլուզումից հետո մեր երկրների տնտեսական, կրթական համակարգերը փոխվել են, և այն թյուր կարծիքը, թե խորհրդային մոդելը կարող է  արդյունավետ լինել այսօր` սխալ է:   
- Գաղտնիք չէ, որ կրթությունն ու գիտությունը ժամանակակից պետության հիմքն են: Ի՞նչ քայլեր են ձեռնարկվում միջպետական համագործակցությունն այդ ուղղությամբ զարգացնելու համար:
- Դեռևս երկու տարի առաջ հայկական մեր գործընկերների հետ պայմանավորվել ենք, որ Ռուսաստանը և Հայաստանը մի շարք նախագծերի ուղղությամբ կաշխատեն համատեղ: Մի նախագծի ուղղությամբ մենք արդեն իսկ աշխատում ենք` կապված 15-ամյա դպրոցականների ինֆորմացիոն գրագիտության գնահատման հետ: Լուրջ նախագծեր կլինեն կրթության որակի գնահատման ասպարեզում: Թեստավորման հայկական կենտրոնի թիմը` պարոն Բաղդասարյանի գլխավորությամբ, սերտորեն  համագործակցում է ՌԴ կրթության ակադեմիայի հետ: Նրանք հետաքրքիր նախագծեր ունեն ինչպես ԱՊՀ երկրների համար, այնպես էլ միջազգային մակարդակով:
Ինչ վերաբերում է համալսարաններին` այստեղ համագործակցությունն ավելի տարածված բնույթ ունի: Դա առաջին հերթին համատեղ գիտական ծրագրեր են: Այս բնագավառում հպարտանալու դեռևս քիչ բան կա: Չնայած ռուս-հայկական մի շարք նախագծեր ներկայումս արմատական հետազոտությունների ռուսական ֆոնդում են: Ես կարծում եմ` այնտեղ չի լինի զրոյական ՙորս՚. կլինեն համատեղ նախածեր և գրանտներ:
Մի բան կուզենայի ավելացնել. ինձ թվում է, ազգային քննությունների հարցում`  ընդունելության քննությունների, Լեռնային Ղարաբաղում ավելի պրոգրեսիվ դիրքորոշում է` Հայաստանի համեմատությամբ: Ղարաբաղում գտնում են, որ պետք է համատեղել ավարտական և ընդունելության քննությունները: Հայաստանում դա փորձել են և ազգային քննությունների մակարդակին են թողել միայն ընդունելությանը: Դպրոցականը դարձրել են ավարտական: Ղարաբաղում շարունակում են աշխատել կենտրոնացված ավարտական քննություններ կազմակերպելու ուղղությամբ, ինչը ես համարում եմ ճիշտ քայլ: Եվ այս համատեքստում ես կասեի` ղարաբաղցիները հաղթել են...
- Դուք եղել եք Մատաղիս գյուղի դպրոցում: Ի՞նչ պատկերացում եք կազմել արցախյան գյուղական դպրոցների մասին:
- Սկսեմ փոքր-ինչ հեռվից: Ինձ հայտնի է, որ 90-ականներին` Ղարաբաղի համար ծանր տարիներին, այս երկրի դպրոցներում չի լռել դպրոցական զանգի ձայնը: Հետպատերազմյան տարիներին շարունակվել են պարապմունքները` անգամ նվազ թվով աշակերտներ ունեցող գյուղական դպրոցներում: Այսինքն` չնայած թվաքանակին` մեծ ծախսեր են արվել  կրթօջախները պահելու համար: Սա խոսում է այստեղ ապրող ժողովրդի համառ կամքի, ամեն գնով հայրենի հողը պահել-պահպանելու ցանկության մասին: Եթե կա դպրոց` ուրեմն կանգուն է տվյալ գյուղը: Այսօր էլ գտնվելով Մատաղիսի պես փոքր գյուղի դպրոցում` ես ցնցված էի այդ կրթօջախի շենքային պայմաններից, դասասենյակների ու նստարանների մաքրությունից... Պատկերացնո՞ւմ եք` ոչ մի գրություն, խզբզանք չգտա դրանց վրա: Մայրենիի կաբինետն ու նրա ձևավորումը, համակարգչային դասարանը, գրադարանը... Այս ամենն ինձ վրա մեծ տպավորություն թողեց: Ըստ իս` Ռուսաստանի գյուղական դպրոցները կնախանձեին... Հատկապես երբ մեր այցը հանկարծակի էր, ու դպրոցում անտեղյակ էին դրան, այսինքն` նրանց նախապես ոչ ոք չէր զգուշացրել: Ես երկար ժամանակ աշխատել եմ ռուսական վերահսկողական ծառայություններում` կրթության գծով, և ամենայն պատասխանատվությամբ կարող եմ ասել, որ Ռուսաստանի դպրոցներում հանկարծակի այցի դեպքում նման բան չի լինում:
- Իսկ ի՞նչ կասեիք Արցախի պետական համալսարանի մասին, որտեղ նույնպես հասցրել եք լինել:
- Ինչպես դպրոցում, այստեղ նույնպես ինձ հիացրեց լսարանների արտաքին տեսքն ու կահավորանքը: Պարզ երևում է, որ պետությունը ներդրումներ է անում համալսարանի համար. հոյակապ նիստերի դահլիճ, ժամանակակից համակարգչային կաբինետներ` ժամանակակից ծրագրային սպասարկումով... Մեծ տպավորություն թողեցին ռուսաց և օտար լեզուների կենտրոնները` ճաշակով, նպատակային կահավորվածությամբ: Կարելի է ասել` հումանիտար բլոկը  զարգանում է հաջողությամբ, իսկ ինչ վերաբերում է գիտականին` պարզ է, որ  համալսարանը միայնակ չի հասցնի այս ոլորտում, քանզի անչափ թանկարժեք  սարքավորումներ են անհրաժեշտ: Այս պարագայում հարցերը պետք է լուծվեն ՀՀ ազգային ակադեմիայի, Երևանի պետական համալսարանի հետ մեկտեղ: Մենք էլ  Բորիս Պաստերովիչի հետ միասին կփորձենք աջակցել ԱրՊՀ-ին`  նմանատիպ խնդիրների լուծման համար: Ռեկտոր Ստեփան Դադայանի հետ զրույցի ժամանակ մենք պայմանավորվեցինք հատուկ տեղեր հատկացնել մագիստրատուրան ավարտած արցախցի շրջանավարտներին` Մոսկվայում` ասպիրանտուրայում շարունակելու համար: Բացի այդ, հեռավար ուսուցում կկազմակերպենք մագիստրանտների համար, համագործակցության եզրեր կգտնենք ՌԴ կրթության ակադեմիայի Ուշինսկու անվան և ԱրՊՀ գրադարանների միջև: Բնականաբար, ձեռք բերված պայմանավորվածություններն այսքանով չեն ավարտվի. մենք դեռ կշարունակենք շփման եզրեր գտնել և մեր աջակցությունը ցուցաբերել Արցախի մայր բուհում տեղ գտած` հրատապ լուծում պահանջող խնդիրներին:   
Ընդհանուր առմամբ` անչափ տպավորված եմ Ղարաբաղից: Ստեփանակերտի փողոցների մաքրությունը, մարդկանց հանգիստ, խաղաղ անցուդարձը ստիպում են մտածել, որ այստեղ բնակվողները սիրում են իրենց երկիրը: Ինձ համար կարևորը մարդկանց դեմքին ժպիտ տեսնելն է: Գիտեք, թվում է` չճանաչված պետություններում ապրողների դեմքը պետք է մի տեսակ մտահոգված, մռայլ լինի: Բայց ղարաբաղցիների մոտ նման բան չտեսա: Նաև ուրախալի է, որ շատ փոքրիկ երեխաներ կան:
Մշտական խաղաղություն եմ մաղթում ղարաբաղցիներին: