Արցախի պետական համալսարան

Հոկտեմբերի 29-ին ԱրՊՀ-ում տեղի ունեցավ հերթական հետաքրքիր միջոցառումը: Այս անգամ Արցախի պետական համալսարանի ուսանողներին այցելության էին եկել Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայի մի խումբ ուսանողներ և երիտասարդ գիտաշխատողներ:

Այցելության նպատակն էր կենդանի շփման և ինտերակտիվ դասախոսությունների միջոցով վերհանել երկու հայկական պետությունների մայրաքաղաքների` Երևանի և Ստեփանակերտի ուսումնական-գիտական հաստատությունների սովորողներին հուզող ընդհանուր բնույթի հիմնահարցերը և գտնել դրանց լուծման լավագույն տարբերակները: Երիտասարդները կարծիքներ փոխանակեցին երկու հայկական պետությունների երիտասարդությանը միավորող առաջնահերթությունների, ինչպես նաև ժամանակակից երիտասարդ մարդու սոցիալական դիրքորոշումների և կողմնորոշումների ձևավորման գործընթացի վրա բացասական ազդեցություն ունեցող և տարբեր աղբյուրներից ներմուծվող սպառնալիքներին ու մարտահրավերներին  համատեղ ջանքերով դիմակայելու անհրաժեշտության մասին: Վերջում հյուրերը ԱրՊՀ հասակակիցներին նվիրեցին իրենց պատրաստած դասախոսություններն ու սլայդները: Հյուրերին շնորհակալական խոսք ասաց և հաջողություններ մաղթեց ԱրՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների գծով պրոռեկտոր Վ.Յարամիշյանը: