Արցախի պետական համալսարան

Բուհ-դպրոց համագործակցության շրջանակում ԱրՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի ֆինանսահաշվային ամբիոնի վարիչ,  տ.գ.թ., դոցենտ Նարինե Ավանեսյանի նախաձեռնությամբ   «Ֆինանսներ» մասնագիտությամբ սովորող 2-րդ, 3-րդ  և 4-րդ կուրսերի ուսանողները հունվարի 18-ից 29-ը   Ստեփանակերտի Վ. Ջահանգիրյանի անվան հ. 11 ավագ դպրոցում վարում են դասընթացներ:

Նարինե Ավանեսյանի խոսքով` կազմակերպված դասընթացների շրջանակներում ուսանողները աշակերտներին ներկայացրել են բանկային համակարգին, ավանդներին ու վարկերին վերաբերող տեղեկատվություն, բանախոսությունների միջոցով նրանց ծանոթացրել գործող ֆինանսական համակարգին, ոլորտում մատուցվող ծառայություններին:

«Նման ձևաչափով միջոցառումների  նպատակը նախ և առաջ ուսանողների ինքնուրույն հետազոտության հմտությունների  զարգացմանը նպաստելն է, այդպիսով նրանք փորձ են ձեռք բերում, ինչպես նաև հանրակրթական դպրոցների  ավագ դասարանների աշակերտների շրջանում ֆինանսական գրագիտության մակարդակի բարձրացումը»,- նշել է ֆինանսահաշվային ամբիոնի պատասխանատուն:

«Ֆինանսներ» մասնագիտությամբ սովորող 2-րդ կուրսի ուսանողուհի Ռոմելլա Թամրազյանի խոսքով` նման դասընթացները ուսանողներին հնարավորություն են տալիս ինքնադրսևորվելու, ձեռք բերած գիտելիքները գործնական կիրառելու և նոր հմտություններ յուրացնելու: