Արցախի պետական համալսարան

Փետրվարի 17-ին տեղի է ունեցել ԱրՊՀ գիտխորհրդի նիստ, որին մասնակցում էր նաև ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը: ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը ներկայացրել է գիտխորհրդի կազմում փոփոխություն կատարելու մասին հարցը, ըստ որի` գիտխորհրդի կազմում ընդգրկվել են նոր անդամներ դասախոսական կազմից և ուսանողական կառույցներից:

Օրակարգի հաջորդ հարցով գիտխորհուրդը քննարկել և հաստատել է հեռավար ուսուցմամբ  ուսումնական գործընթացի կազմակերպման կարգը, որը ներկայացրել է բանասիրական ֆակուլտետի դեկան Լ. Մարգարյանը:

Գիտխորհուրդը քննարկել և հաստատել է նաև բակալավրիական կրթական ծրագրի կամընտրական  դասընթացի  կազմակերպման կարգը, բակալավրիատի 2021-2025 ուսումնական տարվա / մաթեմատիկա-ֆիզիկա, կենսաբանություն-քիմիա/ առկա և 2021-2026 /ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա/ ուսումնական տարվա հեռակա ուսուցման համակարգերի ուսումնական պլանները, դասախոսի պորտֆոլիո-ն հաստատելու մասին հարցը:

Գիտխորհուրդը լսել է նաև տեղեկատվություն ԱրՊՀ հավատարմագրման գործընթացի նախապատրաստական աշխատանքների, հեռակա ուսուցման համակարգի առաջին կիսամյակի ուսումնական գործընթացի արդյունքների ամփոփման մասին:

ԱՀ ԿԳՄՍ նախարար Լ. Ղարախանյանը, խոսելով անելիքների մասին, նշել է, որ նախատեսվում է առաջիկայում շեշտը դնել բնագիտական ուղղվածության մասնագիտությունների զարգացման վրա: Նախարարը համալսարանականներին հորդորել է  նաև գիտական աշխատանքներն ու թեմաներն ընտրելիս  հաշվի առնել ժամանակի պահանջներն ու մարտահրավերները:

Այլ հարցերում գիտխորհուրդը տպագրության է երաշխավորել ԱրՊՀ դասախոսների ուսումնամեթոդական ձեռնարկներ, ուղեցույցներ, գիտահետազոտական աշխատանքներ: