Արցախի պետական համալսարան

Գիրք նվիրելու օրը ԱրՊՀ բանասիրական ֆակուլտետում նշանավորվեց գիրք նվիրելով, իսկ պատմության և իրավագիտության ֆակուլտետում՝ ինտելեկտուալ խաղով։

«Գիրք նվիրելու օրը բազմախորհուրդ է։ Հիշենք, որ գիրք նվիրելով՝ ինքներս մեզ և մեր շրջապատին նվիրում ենք հոգևոր հաղորդակցման հաճելի րոպեներ»,- նշեց բանասիրական ֆակուլտետի ՈՒԽ նախագահ Ինեսսա Առուստամյանը՝ կարևորելով գրքի արժեքը և շնորհավորելով բոլոր ընթերցասեր ուսանողներին։

Պատմության և իրավագիտության ֆակուլտետում տոնի կապակցությամբ ՈՒԽ և ՈՒԳԸ  համատեղ ջանքերով կազմակերպվեց ինտելեկտուալ խաղ։ Ֆակուլտետի  ՈՒԽ  նախագահ Արա  Սարգսյանի խոսքով` գրքի արվեստը զարգացնելը շատ արդիական խնդիր է ներկայիս գիտատեխնիկական արագ զարգացող դարում։

«Խաղի  հիմնական նպատակն  էր բարձրացնել ուսանողների իրազեկվածության աստիճանը, հնարավորություն տալ ավելի լայն մտահորիզոն ունենալու: Նմանօրինակ  խաղերը  նաև  ինչ-որ  չափով  աշխուժացնում են ուսանողների  առօրյան»,- իր խոսքում նշել է Ա. Սարգսյանը՝ հավելելով, որ նման  բնույթի  միջոցառումների  կազմակերպումը  շարունակական կլինեն: