Արցախի պետական համալսարան

Փետրվարի  19-ին Արցախի պետական համալսարանի  գիտական  գրադարանում  նշվեց ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան  և գիրք նվիրելու օրը: Միջոցառումը կազմակերպվել է ԱրՊՀ գիտական գրադարանի, ԼՀԿ բաժնի և բանասիրական ֆակուլտետի  ուսանողների նախաձեռնությամբ:

Ներկաներին ողջունել է գիտական գրադարանի վարիչ Հասմիկ Հարությունյանը՝ նշելով, որ գիրք նվիրելը միշտ էլ հաճելի է:

«Օրն առիթ է` գիրքը մեկ անգամ ևս արժևորելու, գիրք-ընթերցող կապն ամրապնդելու: Գիրքը հոգևոր և մշակութային արժեք է, որը պետք է պահպանենք»,-նշել է նա:

Բանասիրական գիտությունների  դոկտոր, պրոֆեսոր, բանաստեղծ, թարգմանիչ, գրականագետ  Սոկրատ Խանյանը պատահական չի համարում ամենայն հայոց բանաստեղծի ծննդյան օրը գրքի նվիրաբերմամբ նշանավորելու խորհուրդը. «Ոչ մի հայ  գրող, մշակույթի  ներկայացուցիչ չի կարող  հավասարվել  Հ. Թումանյանին, որովհետև  նրա  աստվածային տաղանդը  անուրանալի  է: Մեր  քերթության  Արարատը  Թումանյանն է»:

Գիրքը արժևորող ելույթներով հանդես են եկել գրականության և լրագրության ամբիոնի դասախոսներ, իսկ ուսանողները` ասմունքել Հ. Թումանյանից, մեջբերումներ ներկայացրել մեծերի խոսքերից` բարձր գնահատելով գրքի դերը մարդկության զարգացման բոլոր ժամանակներում:

«Հայոց գիրը ոչ միայն այսօր, այլև բոլոր ժամանակներում որպես մարտիկ դիրքերում կանգնած է: Երբ զորքին չի հաջողվել պաշտպանել հայրենիքը, ապա դա հաջողվել է գրին, գրականության, մշակույթին»,-ասել է բ.գ.թ., դոցենտ Զինաիդա Բալայանը:

«Հայ գրքի և գրականության միջոցով կարող ենք հային հայ պահել ամենուր և բոլոր կարգավիճակներում: Գիրք նվիրելու տոնն ու Հ. Թումանյանի ծննդյան օրը հայապահպանության, հայկական արժեքների պահպանումն ու ամրապնդումը խորհրդանշող օրերից մեկն է»,-ասել է բ.գ.թ., դոցենտ Զարինե Սառաջյանը:

«Օրը առանձնահատուկ խորհուրդ ունի, որովհետև այն ազգը, որը արժևորում է գիրք նվիրելը ու առանձին տոն դարձնում այն, դարերի բոլոր փորձություններին կդիմակայի և նոր արևաշող օրեր կունենա»,-նշել է գրականության և ժուռնալիստիկայի ամբիոնի վարիչ, բ.գ.թ. Նոնա Դավթյանը:

 «Համազգային  մղձավանջից  հետո  ԱրՊՀ-ն  մեր  կյանքի  լուսավոր  կետերից  է: Շարունակվող  շինարարական աշխատանքները, մեր  ամենօրյա  հաճախումները  դասերին  հույս  են, որ  գիտելիքի  ուժ  ծնելու  հրամայականով  մենք  կհասնենք  վերածնության»,- նշել  է ուսանողուհի  Տաթևիկ  Ղահրամանյանը  և միջոցառումն  ամփոփել  Արցախյան  պատերազմում  հավերժի  ճամփորդ  դարձած  Ալեն  Մարգարյանի  խոսքով. «Երանի  բոլորը  հասնեն  այն  մտային  մակարդակին, որ  գիրք  ստանալով  ուրախանան»:

Օրվա խորհրդին հավատարիմ` իրենց  հեղինակած  գրքերից  գրականության և ժուռնալիստիկայի ամբիոնի դասախոսները նվիրեցին գրադարանին   և   ուսանողներին: