Արցախի պետական համալսարան

Կանանց միջազգային օրվա առթիվ մարտի 8-ին  ԱրՊՀ  մանկավարժության  և   սպորտի  ֆակուլտետի  ՈՒԳԸ   նախաձեռնությամբ  կազմակերպվել  է «Կանանց միջազգային   օրվա   խորհուրդն  ու   կարևորությունը  հետպատերազմյան  շրջանում» խորագրով միջոցառում:

Միջոցառումը  սկսելուց  առաջ  ներկաները  մեկ  րոպե  լռությամբ  հարգել  են  արցախյան  պատերազմում  զոհված  բոլոր  քաջորդիների  հիշատակը:

«Հազարավոր  ընտանիքներում  գարուններ  են  մարել: Այդ  առյուծ  տղաների  թանկ   կյանքի  գնով է, որ  այսօր  մենք  կանք  ու  գարուն  ենք  ապրում»,- նշել  է ֆակուլտետի  ՈՒԳԸ  նախագահ  Է. Արզումանյանը:

Միջոցառման մասնակիցները ներկայացրին կանանց տոնի նախապատմությունը,  թե մարտի 8-ն ինչպես և ում շնորհիվ հռչակվեց Կանանց միջազգային օր: Այնուհետև ուսանողներն իրենց ելույթներում ներկայացրել  են  կանանց  իրավունքների  մասին  կատարած  ուսումնասիրություններն  ու կարևորել  օրվա  խորհուրդը:

            Միջոցառմանը  ներկա   էին  ֆակուլտետի  դեկան  Շ. Այդինյանը, ամբիոնների  վարիչներ, դասախոսներ  և  ուսանողներ:

Ֆակուլտետի  դեկան  Շ. Այդինյանը  շնորհավորել  է  ներկաներին՝  մաղթելով  ամենանվիրական  երազանքների  իրականացում  և  անսպառ  սեր՝ կյանքի  թելադրած  բոլոր  փորձությունները  հաղթահարելու  համար:

«Հայ  կնոջ  կերպարը  մեր  պատմության  ամենալուսավոր  էջերից  է: Ցանկանում  եմ, որ   բոլորդ  Ձեր  տաղանդով  և կատարելությամբ  աշխարհին  ի  ցույց  դնեք  հայ  կնոջ   ստեղծարար  ու  արարող  տեսակը»,- նշել  է  նա:

Մանկավարժության  և  հոգեբանության  ամբիոնի  վարիչ  Է. Բաղդասարյանը  նույնպես   շնորհավորել  է  բոլոր  կանանց  և  աղջիկներին  տոն  օրվա  կապակցությամբ  և  նշել. «Երբ  թերթում  ենք  մեր  պատմության  էջերը,   տեսնում  ենք, որ  միայն  զորեղ  մայրերն են  կարողացել  ծնել, սնել, դաստիարակել   և իրենց  ազգին  տալ  ամենաթանկը՝  հարազատ  որդիների  կյանքը: Մենք   ազգովի  երախտապարտ  ենք   և  գլուխ  ենք  խոնարհում  նման  հայ  մայրերի առջև»:

Միջոցառուման ընթացքում  ուսանողները հանդես են եկել նաև ասմունքով  ու  երաժշտական   համարներով: