Արցախի պետական համալսարան

Մարտի  15-ին  Արցախի  պետական  համալսարանում  դասախոսությամբ  հանդես  են  եկել  բ.գ.դ., պրոֆեսոր  Դավիթ  Գասպարյանն  ու   պ.գ.թ., դոցենտ  Գագիկ  Սաֆարյանը: Դասախոսության   թեման  առնչվում  էր   100  տարի  առաջ  կնքված  Մոսկվայի պայմանագրին:

ԱՀ  ԿԳՄՍ  նախարար  Լ. Ղարախանյանը  ողջունել  է  ներկաներին՝  նշելով, որ  այս  օրերին  շատ  կարևոր են  նմանօրինակ  այցելությունները, քանի  որ  դրանց  արդյունքում  մեր  երկրի  ապագայի  նկատմամբ  հավատը  դառնում  է  ավելի  ամուր  և  իրատեսական:

«Մենք  կարճ  ժամանակահատվածում  պետք  է  վերականգնվենք, կրթության  միջոցով  պետք է  ավելի  ուժեղանանք,  միշտ  պետք  է հիշենք, որ  աշխարհում  հաղթում են  կրթության  և  գիտության  շնորհիվ»,- ասել  է  Լ. Ղարախանյանը:

Պ.գ.թ., դոցենտ  Գագիկ  Սաֆարյանը, ով  եղել  է  նաև  «Ղարաբաղ»  կոմիտեի  հիմնադիրներից,  ներկայացրել  է  1921թ. մարտի 16-ին  կնքված  Մոսկվայի պայմանագրի  պատմական  հետևանքները  և   զուգահեռներ  անցկացրել  ներկայումս  տիրող  իրավիճակի  հետ: Նրա  խոսքով  Արցախյան  շարժման  հարցը  միշտ  էլ  բարձր  է  դասվել   տարբեր  բնագավառների  ներկայացուցիչների  կողմից:

«Մենք  պետք  է կարողանանք  պատմությունից  ճիշտ  դասեր  քաղել: Այսօր, ավելի  քան  երբևէ, մենք  պետք  է  գործենք  մեծ  եռանդով  և  համախմբվածությամբ»,- նշել  է բանախոսը՝ հավելելով, որ  Արցախում  ապրող  յուրաքանչյուր  ոք  հերոս  է, իսկ  Արցախի  պետական  համալսարանի  ուսանողները  ազգապահպան  գործին  իրենց  մասնակցությունն  ապահովում  են  մայր  բուհի  կողմից  իրենց  առջև   դրված  պահանջները  իրագործելով  և գիտելիքները  անընդհատորեն  հարստացնելով:  

Գագիկ Սաֆարյանը, ով նաև «Պաշտպան հայրենյաց» ազգային մշակութային հիմնադրամի նախագահն է, հանդիպման ընթացքում պատրաստակամություն է հայտնել համալսարանի գրադարանը համալրել անհրաժեշտ գրքերով, եթե համալսարանականները ներկայացնեն պահանջվող գրքերի ցանկը:

Բ.գ.դ., պրոֆեսոր  Դավիթ  Գասպարյանը  իր  ելույթում  նշել  է, որ  Արցախի  հետ  իր  կապը  շատ  ամուր  է  և  այն  երկար տարիների  պատմություն  ունի: Հերթական  անգամ  Արցախ  այցելել  է`  իր  աչքերով  տեսնելու  հետպատերազմյան  իրականությունը  և մոտիկից  ծանոթանալու  դրանից  բխող  հարցերին: 

«Ազգի  գոյատևման  գլխավոր  նախապայմաններից  մեկը  իր  մշակութային  արժեքների  շուրջ  համախմբվելն  է: Ոգին  կորցնելուց  հետո  մարմինը  հեշտ  է  կորցնելը: Մենք  պետք  է  ելք  գտնենք  ստեղծված  իրավիճակից  դուրս  գալու  համար, պետք  է  ապրենք, արարենք, վերակառուցենք՝  չմոռանալով  մեր  երազանքների   մասին»,-  նշել  է  Դ. Գասպարյանը՝ հավելելով, որ յուրաքանչյուր  ոք  պետք  է  իմանա  իր  անելիքները՝  նոր  և   առաջընթացիկ  ծրագրեր  մշակելով:

Հանդիպման  ընթացքում  բանախոսները պատասխանել են նաև ուսանողների  և  դասախոսների   հարցերին: