Արցախի պետական համալսարան

Մարտի  17-ին  Արցախի  պետական  համալսարանի  պատմության  և  իրավագիտության  ֆակուլտետի  պատմության  և  քաղաքագիտության  ամբիոնի  վարիչ,  պ.գ.թ., դոցենտ  Ն. Սարումյանի  նախաձեռնությամբ   կազմակերպվել  է  կլոր սեղան-քննարկում՝  «Մոսկվայի  և  Կարսի պայմանագրերի  պատմական, իրավական  կողմերը  և  արդիականացումը»: Կլոր  սեղան-քննարկմանը  ներկա  են  եղել  ֆակուլտետի  դեկան  Ա. Խաչատրյանը, իրավունքի  ամբիոնի  վարիչ  Գ. Արզումանյանը, ամբիոններից դասախոսներ  և  ուսանողներ:

Պ.գ.թ., դոցենտ  Ն. Սարումյանը,   կարևորելով  թեմայի  քննարկման  անհրաժեշտությունը, նշել  է, որ  պետք  է կարողանանք  պատմությունից ճիշտ  դասեր  քաղել  և     չկրկնել  նույն  սխալները:

«Այսօր  ապրում  ենք  մի  այնպիսի  ժամանակաշրջանում, երբ  կարևոր է  նման  թեմաների  շուրջ  քննարկումների, տեսակետների  համադրություններ  կատարելը: Շրջանառվում  է  այն  թյուր   միտքը, թե  իբրև  Մոսկվայի  և  Կարսի  պայմանագրերի  100 տարին  լրանալուն  զուգահեռ  պետք  է  ինչ-որ  դրական   փոփոխություններ   տեղի  ունենան  հօգուտ  հայ  ժողովրդի»,- նշել  է  նա:

Ուսանողները  քննարկման  ընթացքում  հանդես  են  եկել   ելույթներով, որոնցում  մանրամասն  ներկայացվել  են  պայմանագրերի  պատմական, իրավական, քաղաքական կողմերը՝  միաժամանակ  փորձելով  դրանք  արդիականացնել:

«Սխալ  եզրակացությունների  հիմնական  պատճառն այն  է, որ  հասարակության տարբեր  խավեր  տեղյակ  չեն  պայմանագրերի  որպիսությանը  և  դրանց  իրական տեսքին: Նախ   պետք  է  վերլուծել  քաղաքական  իրավիճակը՝  զուգահեռներ  տանելով  1921  և  2021 թվականների  միջև, ապա  կատարել  վերլուծություններ»,- նշել  է  քննարկման  ակտիվ  մասնակից՝  «Իրավագիտություն»  1-ին  կուրսի  ուսանողուհի  Աստղիկ  Բաբայանը՝  հավելելով, որ նմանատիպ  քննարկումները  ուսանողներին տալիս  են  արդիական  եզրակացություններ  անելու  և  սխալ   վերլուծություններից  զերծ  մնալու  հնարավորություն: