Արցախի պետական համալսարան

Մարտի 22-ին ԱրՊՀ պատմության և իրավագիտության ֆակուլտետում պատմության և քաղաքագիտության ամբիոնի նախաձեռնությամբ կազմակերպվել են գիտական ընթերցումներ` նվիրված 1920 թ. մարտյան ոճրագործություններին:

«Մարտյան ոճրագործություններ. 101 տարի անց. պատմական անդրադարձ» խորագրով գիտական ընթերցումներին զեկուցումներով հանդես են եկել ֆակուլտետի տարբեր կուրսերի ուսանողներ, ելույթ ունեցել դասախոսներ: Միջոցառման մասնակիցներն իրենց ելույթներով անդրադարձել են 1920 թ. Շուշիի հայ ազգաբնակչության կոտորածին, որի հետևանքով գրեթե հիմնովին ավերվել էր Շուշին, սպանվել հազարավոր հայեր, տասնյակ հազարավորներ էլ ստիպված են եղել լքել քաղաքը, ոչնչացվել հայկական մշակութային ժառանգությունը, թալանվել մարդկանց ունեցվածքը, պղծվել սրբավայրերը:

Գիտական ընթերցումների ձևաչափով պատմության արդիական հնչեղություն ունեցող հիմնախնդիրներին անդրադառնալը հնարավորություն է տալիս ուսանողներին  գիտելիքներ ստանալ նաև ոչ ֆորմալ կրթության ձևաչափով, զարգացնել  հետազոտական կարողություններն ու հմտությունները: