Արցախի պետական համալսարան

ԱրՊՀ հոգեբանական կենտրոնը մանկավարժության և հոգեբանության ամբիոնի հետ համատեղ  կազմակերպել է կլոր սեղան-քննարկում` նվիրված դեպրեսիայի հաղթահարման միջազգային օրվան:  Միջոցառման նպատակն էր մարդկանց ուշադրությունը հրավիրել հոգեկան առողջության խնդիրների վրա: Կլոր սեղան-քննարկմանը մասնակցում էին «Հոգեբանություն» մասնագիտության 1-ին և 2-րդ կուրսերի ուսանողներ, դասախոսներ:

Քննարկման մասնակից ուսանողները հանդես են եկել թեմատիկ զեկուցումներով` անդրադառնալով դեպրեսիայի պատճառներին, դրսևորմանը, հաղթահարման ուղիներին, խոսել պատերազմական տրավմաներով պայմանավորված հոգեբանական խնդիրների ու դրանց լուծման մասին:

ԱրՊՀ հոգեբանական կենտրոնի տնօրեն Անահիտ Գասպարյանի խոսքով` նման ձևաչափով արդիական հնչեղություն ունեցող խնդիրներին անդրադառնալը նպաստում է ուսանողների ինքնուրույն հետազոտական հմտությունների զարգացմանը, ինչպես նաև նոր գիտելիքների ձեռքբերմանը: