Արցախի պետական համալսարան

Ապրիլի 1-ին կայացել է ԱրՊՀ խորհրդի նիստը, որը նախագահում էր ԱՀ պետնախարար, ԱրՊՀ խորհրդի նախագահ Գրիգորի Մարտիրոսյանը: 

Նախքան օրակարգային հարցերին անցնելը` խորհրդի անդամները մեկ րոպե լռությամբ հարգել են պատերազմում անմահացած հերոսների հիշատակը:

Օրակարգի առաջին հարցով ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը ներկայացրել է

համալսարանի     2019-2020   ուսումնական  տարում  կատարած   աշխատանքների  մասին հաշվետվություն:

2019-2020 ուսումնական տարում Արցախի մայր բուհն  իր գործունեությունը կազմակերպել և իրականացրել է ԱրՊՀ զարգացման ռազմավարական ծրագրով նախատեսված խնդիրներին և նպատակներին համապատասխան՝ առաջնորդվելով իր կողմից որդեգրված առաքելության դրույթներով:

«Անցած տարին մեզ համար ծանրագույն փորձության տարի էր՝ հերոսացումներով ու կորուստներով: Բնականոն հունից դուրս եկավ նաև կրթության ոլորտը, նոր մարտահրավերներ ի հայտ եկան  ու պարտադրեցին շուտափույթ լուծումներ գործի դնել»,-նշել է ռեկտորը` խոսելով տարեսկզբին պատուհասած կորոնավիրուսային համավարակի, ապա նաև` պատերազմի հետևանքով առաջացած խոչընդոտների ու դրանց հաղթահարման ուղիների մասին, որոնցից առանձնացրեց հաշվետու տարում բուհում ներդրված հեռավար ուսուցման նոր հարթակը, որը լավագույն լուծումն էր առկա հնարավորությունների սահմաններում:

Չնայած առկա բազմաթիվ խնդիրներին` արդյունավետ աշխատանքներ են իրականացվել ուսումնական գործընթացի բարելավման, կրթության բովանդակության հարստացման, դասավանդման որակի բարձրացման, մեթոդների արդիականացման և այլ ուղղություններով:

Արցախի մայր բուհը մասնագետներ է պատրաստել բակալվրիատի 38  ու մագիստրատուրայի 24 կրթական ծրագրերով, 5 ֆակուլտետի և 16 ամբիոնի միջոցով:

Հաշվետու տարում բակալավրիատի ուսանողների թիվը կազմել է 2080, մագիստրատուրայի ուսանողների թիվը` 359, ասպիրանտների թիվը` 10-ը, թողարկել բակալավրի  567, մագիստրատուրայի 185, ասպիրանտուրայի 3 շրջանավարտ, բուհ ընդունվել բակալավրի 591, մագիստրատուրայի 184, ասպիրանտուրայի 5 դիմորդ:

Խոսելով բուհի գիտական գործունեության մասին` ռեկտորը նշել է, որ ուստարվա ընթացքում ԱրՊՀ-ում  դասախոսների և ուսանողների մասնակցությամբ կազմակերպվել են առցանց գիտաժողովներ, տարաբնույթ գիտական քննարկումներ և ընթերցումներ: Համալսարանականները մասնակցել են նաև ՀՀ և արտերկրի բուհերում կազմակերպված նման միջոցառումների: ԱրՊՀ-ն համագործակցության պայմանագրեր ունի Հայաստանի Հանրապետության և արտերկրի 50 բուհերի,  գիտական և այլ կառույցների հետ: 2019-2020  ուստարում համալսարանում դասախոսություններով հանդես են եկել ՀՀ և արտերկրի առաջադեմ գիտնականներ, դասախոսներ, հասարակական և քաղաքական գործիչներ:

«Համալսարանի գործունեության նկատմամբ առանձնահատուկ հոգատարության և բարձրացված խնդիրների լուծման, գլխավոր մասնաշենքի հիմնանորոգման համար մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում հանրապետության նախագահին, նախագահի աշխատակազմի ղեկավարին, ԱրՊՀ խորհրդի նախագահին, ԱՀ օրենսդիր և գործադիր իշխանության մարմիններին, ԿԳՍ նախարարին, ԱԳ նախարարին, Մարդու իրավունքների պաշտպանին»,-նշել է ԱրՊՀ ռեկտորը:

Համալսարանում իրականացված կարևոր աշխատանքներից ռեկտորը հատկապես առանձնացրել է  նորարարական տեխնոլոգիաներով հագեցած կենսաբանության լաբորատորիան, տպարանի հիմնումը, իրավաբանական կլինիկայի զործունեությունը, իրականացված «Հոգեբանական կենտրոնի զարգացում», «Ուսանողների և  դասախոսների ուսումնագիտական գործուղումներ», «Մարզական գույքի ձեռքբերում», «Ուսանողական արշավներ», «Դասախոսների և ուսանողների որակավորում», «Կենսաբանության արդիականացումն Արցախում», «Բուհ-գործատու հետազոտություն»  ծրագրերը, գիտական գրադարանի ֆոնդի համալրումը:

2019-2020 ուստարում կատարված աշխատանքները իրենց ելույթներով արդյունավետ են գնահատել մանկավարժության և սպորտի ֆակուլտետի դեկան Շահեն Այդինյանը, բանասիրական ֆակուլտետի դեկան Լուսինե Մարգարյանը, 2019-2020 ուստարվա ՈՒԽ նախագահ Լիլիթ Մարգարյանը:

ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը,  հաշվետու տարում կատարված աշխատանքը համարել է արդյունավետ` նշելով.«ԱրՊՀ-ն արժանվույնս է կատարել իր աշխատանքը մեր երկրի համար ծանր ժամանակներում: Գնահատելի է այն աշխատանքը, որը կատարվել է հաշվետու տարում»:

Նախարար Լ. Ղարախանյանը մտահոգություն է հայտնել անհետացման շրջանում գտնվող մասնագիտությունների հարցի վերաբերյալ:

«Ունենք անհետացման շրջանում գտնվող մասնագիտություններ, դրա հետ կապված սերնդափոխության հարց: Այս հարցը պետք է դարձնել օրակարգային և հետագա քննարկումներում նախանշել լուծման ուղիներ»,-ասել է նախարարը:

ԱրՊՀ ռեկտորի հաշվետվությունը գնահատվել է բավարար: Խորհուրդը ի գիտություն է ընդունել նաև Արցախի պետական համալսարանի   2020 թ. ֆինանսական տարվա  արդյունքների  մասին հաշվետվությունը և հաստատել Արցախի պետական համալսարանի 2021թ.  ծախսերի նախահաշիվը: