Արցախի պետական համալսարան

Ապրիլի 2-ին ԱրՊՀ-ն մասնակցել է «Նորանկախ պետությունների համալսարանների ասոցիացիա»-ի նախաձեռնությամբ կազմակերպված «2019-2020 ուստարվա հիմնական արդյունքներն ու ձեռքբերումները ասոցիացիայի անդամ համալսարաններում» խորագրով միջազգային առցանց աշխատաժողովին: Աշխատաժողովին մասնակցում էին ասոցիացիայի անդամ երկրների՝ Մերձդնեստրի, Աբխազիայի, Հարավային Օսիայի և Արցախի պետական համալսարանների պատվիրակները:

Մասնակիցներին ողջունել է աշխատաժողովը համակարգող Մերձդնեստրի պետական համալսարանի ռեկտոր, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ստեփան Բերիլը՝ մաղթելով արդյունավետ աշխատանք ու կարևորելով համագործակցության նշանակությունը առկա խնդիրների համար համատեղ լուծումներ ուղենշելու տեսանկյունից:

Նա իր խոսքում նաև զորակցություն է հայտնել ԱրՊՀ պատվիրակներին՝ Արցախյան 44-օրյա պատերազմում կրած կորուստների կապակցությամբ:

ԱրՊՀ ռեկտորի անունից աշխատաժողովի մասնակիցներին ողջունել է ԱրՊՀ գիտական և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Վալերի Ավանեսյանը՝ կարևորելով նման ձևաչափով անցկացվող համատեղ միջոցառումներն ու քննարկումները փորձի փոխանակման և համագործակցության ամրապնդման տեսանկյունից:

Ռեկտորի ուղերձում ներկայացված էր 2019-2020 ուստարում համալսարանի առջև ծառացած հիմնական խնդիրներն ու խոչընդոտները, դրանց հաղթահարման և լուծման ուղիները, համալսարանի  կորուստներն ու ձեռքբերումները:

ԱրՊՀ ռեկտորի ուղերձում նաև երախտագիտության խոսք էր հղված ասոցիացիայի անդամ երկրների համալսարաններին՝ համագործակցության և բուհի ու մեր երկրի համար ծանրագույն ժամանակներում ԱրՊՀ կողքին գտնվելու համար:

Աշխատաժողովին զեկուցումներով հանդես են եկել  ասոցիացիայի անդամ բուհերի պատվիրակները, ԱրՊՀ-ից՝  պրոռեկտորները և ուսանողներ:

Երիտասարդության հետ տարվող քաղաքականության մասին զեկուցումով հանդես է եկել ԱրՊՀ ՈՒՇՀՀՏԱԳ պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանը:

Համալսարանում կրթական ուղղությամբ կատարված հիմնական աշխատանքներն ու արձանագրված ձեռքբերումները նեկայացրել է ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Գեորգի Սահակյանը:

ԱրՊՀ  գիտության և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Վալերի Ավանեսյանը ներկայացրել է համալսարանում գիտության և միջազգային համագործակցության ուղղությամբ արձանագրված հիմնական ձեռքբերումները:

Ուսանողության անունից ոլորտում իրականացված աշխատանքների մասին զեկուցումով հանդես է եկել ԱրՊՀ բանասիրական ֆակուլտետի «Լրագրություն» 4-րդ կուրսի ուսանողուհի Շողեր Սարգսյանը:

Ավարտին մասնակիցները ձեռք են բերել պայմանավորվածություն՝ առաջիկայում կազմակերպելու ուսանողական առցանց գիտաժողով արդիական հնչեղություն ունեցող հիմնախնդիրների շուրջ և հրատարակել գիտական հոդվածների ժողովածու: