Արցախի պետական համալսարան

Ապրիլի  4-ին  ԱրՊՀ  շուրջ  150  ուսանող  այցելել  է  Գանձասարի  Սբ. Հովհաննես  Մկրտիչ  եկեղեցի։ Այցելությունը ԱրՊՀ նախաձեռնած «Ճանաչիր Արցախը» պատմաճանաչողական  արշավների  ծրագրի  շրջանակներում էր։ Օրվա  խորհուրդը Սուրբ Զատկի  կամ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնն  էր, որը  հայ  առաքելական  եկեղեցու  հնագույն և  գլխավոր  տոներից է։  Ուսանողները  մասնակցել  են պատարագի  արարողությանը, իրենց  աղոթքն  են  հղել  առ   Աստված՝ հանուն  մեր  բոլոր  հերոսների  հոգիների հանգստության, անհետ   կորածների բարի  վերադարձի  և  մեր  բզկտված  հայրենիքի  շենացման  ու  հարատև   խաղաղության։

Եկեղեցական  արարողությունից  հետո  ուսանողներն  իրենց  ժամանցն  անցկացրել  են  բնության  գրկում՝ կիսվելով  հետաքրքիր  գաղափարներով   ու   տպավորություններով։

«Իրավագիտություն» 2-րդ  կուրսի  ուսանող  Կարեն  Մարտիրոսյանը  օրվա  խորհուրդը  կապել  է  մերօրյա իրականության  հետ՝ նշելով. «Հայացք ես նետում չորս կողմդ ու հասկանում, որ նորովի ես սիրահարվում ամեն քար ու թփի, հայրենիքիդ բոլոր գույներին, ոտքերիդ տակ կենսականություն շնչող հողին...

Քրիստոսի Հարության խորհուրդն այսօր մեր գիտակցության մեջ ու մեր սրտում պիտի արմատավորի հույսի ու հավատի մի հզոր գաղափար, որ այնպես, ինչպես Հիսուսը խաչվեց ու հարություն առավ մեռելներից, այնպես էլ Արցախն ու ողջ հայությունն է հարություն առնելու։

Մենք խաչված ենք, բայց ոչ՝ մեռած, կոտրված ենք, բայց ոչ՝ ծնկի եկած ու արնաքամ եղած։ Ուժ ու կորով մեզ բոլորիս»։

«Անգլերեն  լեզու  և  գրականություն» մասնագիտության  2-րդ  կուրսի  ուսանողուհի  Նատալյա  Մուսայելյանը  ուսանողության  անունից  շնորհակալություն  է  հայտնել  ԱրՊՀ  ղեկավարությանը՝ նմանօրինակ  միջոցառման  և  հագեցած  օրվա  համար։

«Օրվա  խորհուրդը,  թերևս,  ավելի     ամբողջացավ  նոր  ծանոթությունների և  հետաքրքիր  ժամանցի համատեղումով։ Արցախ աշխարհի ամեն  մի անկյուն      դրախտ  է՝  օժտված  կատարելության  անասելի գեղեկցությամբ»,-նշել  է  Ն. Մուսայելյանը։

«Եվս  մեկ անգամ հիացանք մեր չքնաղ բնությամբ ու Գանձասարի ճարտարապետական յուրօրինակ հորինվածքով։ Ես ողջունում եմ նման արշավների  կազմակերպումը,  երբ համատեղվում  է  մի  քանի  կարևոր  նպատակ՝  օրվա խորհուրդ, պատմաճանաչողական  այցելություն, նոր  ընկերներ»,- նշել  է  արշավի  մասնակից  «Պատմություն» 2-րդ  կուրսի  ուսանողուհի  Իզաբելլա Սարգսյանը։

Միջոցառումը  կազմակերպվել  է  ԱրՊՀ  ղեկավարության, ՈՒՀՏԱ  և  Կ  բաժնի, ինչպես նաև ուսանողական խորհրդի  համատեղ  ջանքերով։