Արցախի պետական համալսարան

DSC00085

Նոյեմբերի 30-ին Արցախի մայր բուհն իր հարկի տակ հյուրընկալեց  աշխարհահռչակ գիտնական, ՌԴ գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, ԱրՊՀ պատվավոր դոկտոր Աբել Աղանբեկյանին:

Ակադեմիկոսի հետ համալսարան էին այցելել նաև ԼՂՀ կրթության և գիտության նախարար Սլավա Ասրյանը, հյուրեր Ռուսաստանի Դաշնությունից:
ԱրՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի ուղեկցությամբ հյուրերը ծաղիկներ դրեցին Արցախյան պատերազմում զոհված ուսանողների հուշակոթողին:
Մայր բուհի նիստերի դահլիճում դասախոսների և ուսանողների հետ հանդիպմանը ողջույնի խոսք ասաց  ԱրՊՀ ռեկտոր Ստեփան Դադայանը: Նրա խոսքերով` Ա. Աղանբեկյանի յուրաքանչյուր այց իրադարձություն է Արցախի պետական համալսարանի կոլեկտիվի համար: <<Հայ ժողովուրդը հիացած է հայազգի շատ գիտնականներով, քաղաքական ու հասարակական գործիչներով, արվեստագետներով, բայց ամեն ոք չէ, որ վճռորեն գալիս է մեր երկրամաս, որպեսզի լսի արցախցիներիս ձայնը,  զգա նրա զարկերակը: Դա պատահական չէ. Դուք մեկն էիք այն առաջիններից, ով դեռևս Արցախյան շարժման սկզբնական շրջանում համաշխարհային հանրությանը տեղեկացրել է վերակառուցման դերի, այդ թվում` ազգամիջյան հարաբերությունների մասին և որպես օրինակ նշել եք մեր երկրամասի անունը` Լեռնային Ղարաբաղ>>,- ասաց Ստեփան Դադայանը:
Արցախի մայր բուհի ղեկավարն անդրադարձավ աշխարհահռչակ գիտնականի կատարած բարեգործություններին, համալսարանի գիտակրթական զարգացմանն ուղղված նրա անգնահատելի ավանդին:
Երկու տասնամյակից ավելի Ա. Աղանբեկյանը բարեկամական կապերով կապված է Արցախի պետական համալսարանի հետ: Դեռևս 1997-ին ակադեմիկոսի միջոցներով բուհում ստեղծվել է նրա անունը կրող համակարգչային կենտրոն: 2010-ին այդ նույն կենտրոնի բազայի վրա բացվեց նորը` ավելի ընդրաձակ տարածքով ու թարմացված համակարգչային տեխնիկայով. 25 ժամանակակից համակարգիչ` ինտերակտիվ գրատախտակով և այլ տեխնիկական հարմարանքներով: Եվ սա դեռ ամենը չէ. մայր բուհի լավագույն ուսանողները Ա. Աղանբեկյանի անվան կրթաթոշակ էին ստանում: Այս անգամ էլ հայազգի ակադեմիկոսը դատարկաձեռն չէր եկել. շնորհիվ նրա` համալսարանի նիստերի դահլիճը հագեցվեց ժամանակակից բոլոր սարքավորումներով (խոշոր էկրանով պրոյեկտոր, հեռուստացույց, միկրոֆոններ, համակարգիչ և այլն):
Ռեկտոր Ստեփան Դադայանը համալսարանի կոլեկտիվի անունից երախտագիտություն հայտնեց մեծ գիտնականին ու բարերարին: <<Մեր նպատակն է, ասաց ռեկտորը,- որպեսզի Արցախի պետական համալսարանը ԼՂՀ տարածքում դառնա միասնական գիտակրթական և մշակութային կենտրոն: Այդ խնդրի լուծման գործում ակտիվորեն աջակցում են մայր բուհի մեր բարեկամները, որոնցից մեկն էլ Դուք եք: Այն փաստը, որ Դուք այսօր հերթական անգամ այստեղ եք` արդեն իսկ դրա վառ ապացույցն է>>: Ի դեպ` վերջերս լրացել է անվանի գնտնականի ծննդյան 80-ամյակը, ինչի կապակցությամբ Ստեփան Դադայանը շնորհավորեց նրան:
Ակադեմիկոս Աբել Աղանբեկյանի ելույթն ինքնատիպ դասախոսություն էր, որի թեման աշխարհում, մասնավորապես Ռուսաստանում և Հայաստանում տիրող տնտեսական իրավիճակն էր: Աշխարհն այսօր գտնվում է հետճգնաժամային ժամանակաշրջանում: Երեք տարի է անցել սուր ճգնաժամի ավարտից (2008-2009թթ.), բայց զարգացումն ընթանում է ճգնաժամի ազդեցության տակ: Եվ չնայած մյուս բոլոր երկրները ձևականորեն վերականգնել են ներքին համախառն արդյունքի մինչճգնաժամային ցուցանիշները, վերականգնվել է համաշխարհային առևտուրը և այլն, այնուամենայնիվ`ճգնաժամի հաղթահարում հասկացությունը բարդ է: Նրա համար, որ մինչ համաշխարհային ճգնաժամը  պայմաններն այլ էին տնտեսական զարգացման համար, իսկ ճգնաժամից հետո նոր` բարդ պայմաններ են ի հայտ եկել, որոնք, ցավոք, համաշխարհային, այդ թվում` Ռուսաստանի տնտեսությունը ձգում են դեպի ցած: Աշխարհն անցել է տնտեսական աճի մի նոր ուղու, ավելի ցածր, քան անցյալ դարի 80-90 ական թվականներին էր: Ընդհանուր առմամբ` այն մեծ հարված է հասցրել բոլոր երկրներին` մեծացնելով հատկապես գործազրկությունը: Այս համատեքստում ակադեմիկոսն անդրադարձավ մի շարք երկրներում տիրող վիճակին:
Անվանի գիտնականը պատասխանեց ներկաների հարցերին:
Հանդիպման ավարտին ԱրՊՀ ռեկտոր Ստեփան Դադայանը Աբել Աղանբեկյանին պարգևատրեց Արցախի պետական համալսարանի <<Ոսկե մեդալով>>:

<<Ես անում եմ այն, ինչ պարտավոր է անել յուրաքանչյուր հայ, առաջին հերթին,  սիրել իր հայրենիքը>>,- երախտագիտության խոսքում ասաց ակադեմիկոս Աբել Աղանբեկյանը:

                                      DSC00108                DSC00107