Արցախի պետական համալսարան

Ապրիլի   9-ին  ԱրՊՀ  տարբեր  ստորաբաժանումների   անդամների   և  ուսանողության  հետ    հանդիպել  են  «Մտավորականները հանուն Արցախի» շարժման նախաձեռնողներ Աշոտ   Բաբայանը  և   Յուրի  Զաքարյանը: Հանդիպումը  կայացել  է  ԱրՊՀ-ում  մեկնարկած  «Արցախ. ներկան  և  ապագան» ծրագրի  շրջանակներում: Հանդիպմանը նորաստեղծ շարժման նախաձեռնող խումբը ներկայացրել է կազմակերպության գործունեության տեսլականը, հիմնական անելիքները` կապված Արցախի և առկա խնդիրների լուծման հետ:

«Մեր  նպատակն  է ներկայիս  իրավիճակում  ստեղծել  համազգային   շարժում, որը  պետք  է  համախմբի   մտավորականությանը  և  որը  պետք  է  գլխավորի  հենց  մտավորականությունը: Մենք  հույս  ունենք, որ  նման  կարգի  հանդիպումներն  ու մտավորականության հետ համագործակցությունն իրենց  դրական  արդյունքը  կունենան՝  ի  նպաստ  մեր  երկրի  և   ժողովրդի»,- նշել  է  Ա. Բաբայանը:

Յուրի  Զաքարյանի  խոսքով`    նման  շարժում  ունենալու  գաղափարը  դեռ  երկու  տարի  առաջ  էր  ծագել, և  ստեղծված  մտավորական  շարժումը պետք  է զբաղվեր  հրատապ հարցերի  քննարկմամբ, առաջարկությունների   և  կարծիքների  համակարգմամբ, նոր  ուղիների  որոնմամբ  ու  տարաբնույթ  խնդիրների  լուծմամբ:

«Ցանկացած   բարդ  իրավիճակից  էլ  ելք  կարելի  է  գտնել, պարզապես  այդ  որոնման  ուղիները  պետք  է  լինեն  նպատակային  և   համակարգված»,- նշել  է  Յ. Զաքարյանը՝  հավելելով, որ  առաջիկայում  տարբեր   հարցերի  շուրջ կարող  են  նաև   կլոր   սեղան-քննարկումներ  կազմակերպել՝ առավել  մանրամասն  կարծիքներ  և  փաստեր  վերհանելու  նպատակով: