Արցախի պետական համալսարան

Ապրիլի 13-ին, ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը հանդիպել է ուսանողական ակտիվի հետ, որին մասնակցում էին նաև ուսանողական ինքնավար կառույցների նախագահներ, անդամներ։ Հանդիպմանը ներկա էին ՈՒՇՀՀՏԱ գծով պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանը և ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Գեորգի Սահակյանը։

 
Ռեկտորը ուսանողներին իրազեկել է հավատարմագրման գործընթացի մասին, խոսել ուսումնական, գիտության, միջազգային համագործակցության, ուսանողների ակադեմիական փոխանակության, միջազգային գիտակրթական ծրագրերին ինտեգրվելու, ուսումնական գործընթացի բարելավման, որակի ապահովման և այլ առանցքային ուղղություններով բուհում իրականացվող աշխատանքների մասին։
Ռեկտորի նախաձեռնությամբ կայացած հանդիպումը նպատակ ուներ նաև անմիջապես ուսանողներից լսել նրանց հուզող հարցերն ու խնդիրները, առաջարկությունները։
Ուսանողները հնչեցրել են ուսումնական գործընթացին, մասնավորապես՝ դասընթացների անցկացման, ոչ մասնագիտական դասընթացների ծանրաբեռնվածության, առանց եզրափակիչ ստուգմամբ և եզրափակիչ ստուգմամբ անցկացվող ստուգումների մեթոդաբանությանը վերաբերող և հարակից այլ հարցեր, որոնց պատասխանել է բուհի ղեկավարը՝ հղում անելով օրենսդրությանն ու ԱրՊՀ կանոնակարգերին։
Հանդիպմանը ռեկտորը նշել է, որ երկրում ստեղծված իրավիճակը չպիտի խոչընդոտի ԱրՊՀ ռազմավարական ծրագրով նախանշված անելիքներին։ Ռեկտորի խոսքով՝ առկա խնդիրների լուծման ուղղությամբ աշխատանքներ են ընթանում, ուսանողների հետ տարվող աշխատանքների բնագավառում ևս՝ խնդիրների հաղթահարման այլընտրանքային լուծումներով։ Կշարունակվի նաեւ «Ճանաչիր Արցախը» արշավների ծրագիրը, որի շրջանակում ԱրՊՀ ուսանողները կայցելեն հայրենիքի պատմամշակութային վայրեր՝ անվտանգային բաղադրիչի ապահովմամբ։