Արցախի պետական համալսարան

Ապրիլի  14-ին  Արցախի  պետական  համալսարանում  նշվել  է  Համո  Սահյանի ծննդյան 107-ամյակը: Գրական-գեղարվեստական  միջոցառումը  կազմակերպվել  է  բ.գ.թ., դոցենտ   Զարինե   Սառաջյանի  նախաձեռնությամբ՝  «Հայ  գրականության  պատմություն» մասնագիտացման  մագիստրատուրայի  առաջին  կուրսի  ուսումնական  ծրագրում  ընդգրկված  «Համո  Սահյանը  և  պանթեիզմը»  դասընթացի  շրջանակում:

«Այս  օրերին  ինքներս  մեզ  ապրեցնելու  համար  պետք  է  ամուր  կառչենք  մեր  ազգային  արժեքներին, հիմնասյուներին  և  ապրելու  ուժ  ստանանք դրանցից: Համո  Սահյանի  պոեզիան  այն  սնուցող  երակներից  է, որ  ապրեցրել , ապրեցնում  և  ապրեցնելու  է  հային, որտեղ  և  ինչ  իրավիճակում  էլ  լինի»,- ողջույնի  խոսքում նշել  է  Զ. Սառաջյանը՝ հավելելով, որ  բանաստեղծը  իր  պոեզիայում  արծարծել  է  այնպիսի  խնդիրներ, որոնք  այսօր  էլ  արդիական  են՝  արտագաղթ, մայրենի  լեզվի  պահպանում, հայրենի  տան  պաշտամունք, հայրենասիրություն  և  այլն:

«Այսօրվա  միջոցառումը   կրկին  ու  կրկին  ապացուցեց, որ  բոլոր  հավերժ  ապրողների  առաջին  շարքում  է  Համո  Սահյանը  և  քանի  դեռ  ունենք  այսպիսի  սերունդ, դեռ  երկար  է  ապրելու  նրա  անունն  ու  գործը,   Արցախը  և  արցախցին»,- նշել  է բ.գ.դ, պրոֆեսոր Սոկրատ  Խանյանը:

Գրականության  և  ժուռնալիստիկայի  ամբիոնի  վարիչ,  բ.գ.թ,  Նոնա  Դավթյանը,  խոսելով  Հ. Սահյանի  պոեզիայի  մասին,  նշել  է.

«Ծնվեց  Համո  Սահյանը, որին  այսօր  մեկ անգամ ևս  ասում  ենք՝ Ձեզ  բացակա  չենք  դնի: Նա  իր  ծնունդով  նոր  գույներ  ավելացրեց  գրականությանը: Այդ  գույները  հայրենի  բնաշխարհի  ներկապնակից են  վերցված, նրա  պոեզիան  սնուցող  երակը  հայրենի,  այլևս  երգ  դարձած,  Որոտանն  է»:

«Ստեփանակերտ»  թերթի  խմբագիր, բանաստեղծուհի  Սոֆյա  Սարգսյանի  խոսքով՝  Համո  Սահյանը  հայ  քնարերգության  մեջ   ստեղծել  է  ամենանուրբ  և  քնքուշ  պոեզիան, որը միշտ արդիական է և շատ-շատերին է իր քնարական շնչով մղել դեպի բանաստեղծությունը:

«Ես  Համո  Սահյանի  արվեստով  ապրող  անհատ  եմ:  Նրա  յուրաքանչյուր  ստեղծագործություն   այնքան  նուրբ  է  ու  գեղեցիկ, որ  ոգիդ  պարուրվում  է  ամենաջերմ  զգացողություններով»,-նշել  է  Ս. Սարգսյանը՝ հավելելով, որ  այնքան  պատկերավոր  է  Համո  Սահյանի  պոեզիան, որ   քեզնից  անկախ  ընկղմվում ես  նրա  մեջ  և   փոխում  նաև  աշխարհայացքդ:

«Համո  Սահյանը  20-րդ  դարի  երկրորդ  կեսի   ամենապայծառ  անհատականություններից  է: Նա  ստեղծել  է  քարափների, ջրվեժների   ու  ծիածանների  մի  գունագեղ  աշխարհ, ուր  ապրող  մարդը  ևս  օժտված  է  իրեն  ծնող  միջավայրի  վեհությամբ  ու  խորությամբ»,- իր  ելույթում  նշել   է  «Հայ  գրականության  պատմություն» մասնագիտացման  մագիստրատուրայի  առաջին  կուրսի  ուսանողուհի  Սոնա  Մուսայելյանը:

            Միջոցառման  ընթացքում  հնչել  են  ելույթեր  Հ. Սահյանի  կյանքի  ու  գրական  գործունեության մասին, բնապաշտության, խոհափիլիսոփայության, հայրենիքի   և  լեզվի   հանդեպ  նրա  տածած  սիրո  և այլ թեմաներով գրված ստեղծագործությունների վերաբերյալ: Միջոցառմանը  ասմունքով  հանդես  են  եկել  տարբեր  ֆակուլտետներից   ուսանողներ: