Արցախի պետական համալսարան

Այսօր՝  ապրիլի  15-ին, ոչ   ֆորմալ  կրթության  շրջանակում  ԱրՊՀ ուսանողության   հետ  հանդիպում  է  ունեցել   ԱՀ  նախագահի  աշխատակազմի  ղեկավարի  առաջին  տեղակալ, միջազգային  զարգացման մասնագետ    Դավիթ  Հակոբյանը: Միջոցառմանը  ներկա  են  եղել  տարբեր  ֆակուլտետներից  ուսանողներ: ԱրՊՀ  ռեկտոր  Ա. Սարգսյանը  ներկայացրել  է  բանախոսին   և  շնորհակալություն  հայտնել  ուսանողության  հետ  հանդիպելու  համար:

«Ես  հավատում եմ, որ  վերականգնվելու  ենք: Հայկական  աշխարհը  գլոբալ  է, բոլորս  մեկ  ամբողջականություն  ենք, և պետք  է  փորձենք  բոլորս  միասին  մասնակցել  Արցախը  պահպանելուն, հայկական  պահելուն   և այն  զարգացնելուն»,- նշել  է  Դ. Հակոբյանը:

Բանախոսը  պատմել   է  իր  գործունեության  և  աշխատանքային  փորձի մասին, տվել   ներկա   իրավիճակի  հետ  կապված  իր   վերլուծությունը, ներկայացրել  երկրի զարգացման մոտ  և  հեռու  ապագայի  իր  տեսլականը: 

Դավիթ Հակոբյանը միջազգային զարգացման մասնագետ է, ունի այդ ոլորտում ավելի քան 30 տարվա աշխատանքային փորձ: Վերջին 26 տարիների ընթացքում աշխատել է Միավորված ազգերի կազմակերպությունում՝ զբաղեցնելով տարբեր բարձրաստիճան պաշտոններ: Մասնավորապես, ի թիվս այլ պաշտոնների՝ վերջին տարիներին նա եղել է Սիրիայում ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի մշտական ներկայացուցիչ, իսկ նախքան այդ՝ Աֆղանստանում, Սոմալիում ու Ղրղզստանում՝ մշտական ներկայացուցչի տեղակալ:
Դավիթ Հակոբյանը մի քանի տասնյակ երկրներում ՄԱԿ-ի ծրագրերի շրջանակներում համակարգել և իրականացրել է հումանիտար ու զարգացման մասշտաբային նախագծեր՝ ուղղված այդ պետությունների հումանիտար ճգնաժամերի հաղթահարմանը, կայուն զարգացմանը, քաղաքացիների կյանքի որակի բարելավմանը:

Ուսանողների հետ հանդիպման ընթացքում Դ. Հակոբյանը պատասխանել է  ուսանողների հարցերին, որոնք վերաբերում էին երկրի քաղաքական, տնտեսության զարգացման, սոցիալական ծրագրերի իրականացման և այլ ուղղությունների: