Արցախի պետական համալսարան

Ապրիլի 5-ից 11-ը կայացավ «Քաթըլիսթ» հիմնադրամի կողմից իրականացված «Startup Boost Week Vol7» միջոցառումը, որին մասնակցել է նաև ԱրՊՀ-ն։

Արցախի պետական համալսարանի մի խումբ ուսանողներ «gg» ընկերության բացառիկ աջակցության շնորհիվ առաջին անգամ մասնակցեցին ծրագրին։ Միջոցառումը հարթակ տրամադրեց ստարտափեր ստեղծելու և զարգացնելու համար՝ ուսանողներին տալով իրական փորձառություն և մրցակցային առավելություններ։ Մեկշաբաթյա ծրագրի ընթացքում մասնակիցները միասին աշխատելու, թիմեր կազմավորելու, գաղափարներ հավաքագրելու և դրանք իրագործելու հնարավորություն ունեցան:
Միջոցառումը հյուրընկալեց 100-ից ավել ուսանողների՝ 8 առանցքային կենտրոններում, այդ թվում՝ Գյումրի, Վանաձոր, Դիլիջան, Երևան։ ԱրՊՀ ուսանողները միջոցառման մասնակից դարձան առցանց եղանակով։
Մասնակից ուսանողները կազմեցին թիմեր, աշխատեցին փորձառու մենթորների հետ և ստացան մրցանակներ շահելու հնարավորություն՝ վերջին օրը ժյուրիի անդամներին ներկայացնելով իրենց գաղափարները։
«Նմանօրինակ միջոցառումների կազմակերպումն ու ուսանողության մասնակցությունը անհրաժեշտ և կարևոր են ոչ միայն մասնակիցների աշխարհայացքի, մտահորիզոնի զարգացման, նորանոր գաղափարների կյանքի կոչման, այլ նաև լայն հնարավորությունների ու հմտությունների ձեռքբերման համար»,-նշել է ուսանողների հետ տարվող աշխատանքների և կարիերայի(ՈՒՀՏԱԿ) բաժնի պետ Վահե Գալոյանը՝ հավելելով, որ նման միջոցառումները պարբերական դարձնելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում։
«Ծրագիրը հնարավորություն տվեց ոչ միայն անհատական զարգացման, հաջողակ մարդկանց հետ շփվելու, այլ նաև Արցախում զարգացնելու ՏՏ ոլորտն ու խթանելու տնտեսության զարգացմանը։ Հույս ունեմ, որ այն կկրի շարունակական բնույթ, և ԱրՊՀ մնացած ուսանողները ևս մեծ ընդգրկվածություն կունենան»,-նշել է միջոցառման ակտիվ մասնակից, «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողուհի Լենա Ամիրխանյանը։
«Startup Boost Week Vol7» միջոցառման արդյունքում ԱրՊՀ ուսանողների ներկայացրած ծրագիրն արժանացել է ժյուրիի մրցանակի և «gg» ընկերության կողմից դրամական պարգևի։
Հավելենք, որ միջոցառմանը համալսարանականների մասնակցության համակարգման ու կազմակերպման աշխատանքները իրականացվել են ԱրՊՀ ՈՒՀՏԱԿ բաժնի և ՈՒԽ կողմից։