Արցախի պետական համալսարան

Ապրիլի 19-ին տեղի է ունեցել ԱրՊՀ ռեկտորատի նիստ, որի ընթացքում քննարկվել են ուսումնական գործընթացին վերաբերող հարցեր, կայացել պարգևատրման արարողություն։

Ռեկտոր Արմեն Սարգսյանը նշել է, որ նախապես ծրագրված էր ԱրՊՀ 50-ամյակի առթիվ կազմակերպել մի շարք միջոցառումներ, որոնք, ցավոք, չի հաջողվել իրականացնել նախ կորոնավիրուսային համաճարակի և ապա՝ 2020 թ. սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի պատճառով։
Ռեկտորի խոսքով, սակայն, անուրանալի է համալսարանի զարգացման, աշխատանքները պատշաճ կազմակերպման, ուսումնական գործընթացի որակի բարելավման, հավատարմագրման գործընթացում իրենց նպաստն ունեցած համալսարանականների ներդրումը, որի համար բուհի ղեկավարն այսօր ԱրՊՀ 50-ամյակի հուշամեդալով պարգևատրել է ԱրՊՀ պրոռեկտորներին, դեկաններին, գիտքարտուղարին և ստորաբաժանումների ղեկավարներին։
Շնորհավորելով պարգևատրված աշխատակիցներին՝ ռեկտորը մաղթել է արդյունավետ ու բեղուն աշխատանք՝ նշելով, որ առաջիկայում կպարգևատրվեն նաև բուհի զարգացման գործում ավանդ ունեցած մյուս աշխատակիցները։
Հաջորդիվ ռեկտորատը քննարկել է ուսումնական գործընթացին վերաբերող հարցեր։ Փորձուսուցման բաժնի պետն ու ֆակուլտետների դեկանները տեղեկատվություն են ներկայացրել կիրառական փորձի փորձուսուցման ընթացքի մասին՝ ընդհանուր առմամբ գոհունակություն հայտնելով գործընթացից։ Ֆակուլտետների դեկանները տեղեկություններ են ներկայացրել ամփոփիչ ատեստավորման քննությունների կազմակերպման նախապատրաստական աշխատանքների մասին՝ հանձնաժողովների նախագահների թեկնածուների հարցի վերաբերյալ։
ԱրՊՀ ռեկտորը աշխատանքները պատշաճ կազմակերպելու ուղղությամբ համապատասխան հանձնարարականներ է տվել ստորաբաժանումների ղեկավարներին՝ նշելով, որ պետք է ուշադրություն դարձնել նաև բուհ-դպրոց համագործակցության ակտիվացմանը։ Այս նպատակով հանձնարարել է առաջիկայում տարաբնույթ միջոցառումներ կազմակերպել՝ ընդգրկելով նաև հանրակրթական դպրոցների ավագ դասարանների աշակերտներին, որը կնպաստի նաև աշակերտների մասնագիտական կողմնորոշման հարցին։ Բուհում կշարունակվի նաև «Ճանաչի՛ր Արցախը» արշավների ծրագիրը, որի շրջանակում ԱրՊՀ ուսանողները կշարունակեն այցելել Արցախի պատմամշակութային վայրեր, քանի որ ծրագիրը դրական լայն արձագանք է ունեցել ուսանողների շրջանում։
Ռեկտորը տեղեկացրել է նաև, որ բուհում մեկնարկած «Արցախ.ներկան և ապագան» ծրագրի շրջանակում առաջիկայում ԱրՊՀ-ում հանդիպումներ կլինեն պետական, քաղաքական գործիչների, տարբեր գերատեսչությունների պատասխանատուների հետ, որոնց կարող են մասնակցել և հուզող հարցերով դիմել համալսարանականները ցանկության դեպքում։