Որպեսզի երկրում ամեն մեկը հավասարապես զգա սահմանադրության տված հնարավորությունները

11.12

2012

DSC00120

Դեկտեմբերի 11-ին Արցախի պետական համալսարանում տեղի ունեցավ ուսանողական գիտագործնական կոնֆերանս` նվիրված ԼՂՀ Սահմանադրության օրվան:

Կոնֆերանսին մասնակցում էին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, Արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը: Այն կազմակերպել էին ԱրՊՀ տնտեսաիրավաբանական ֆակուլտետի իրավունքի ամբիոնն ու իրավաբանության բաժնի ուսանողները:

Արցախի մայր բուհի ռեկտոր Ստեփան Դադայանն ընդգծեց ԼՂՀ Սահմանադրության պատմական նշանակությունը` այն համարելով մեր պետության անձնագիրը:
Ողջունելով ուսանողների նախաձեռնությունը` Արցախի խորհրդարանի ղեկավարը շնորհավորեց բոլորին համապետական տոնի` Սահմանադրության ընդունման օրվա կապակցությամբ: Նրա խոսքերով` Արցախի պետական համալսարանը ոչ միայն մասնագետ կադրերի պատրաստման դարբնոց է, այլև գիտական մտքի ձևավորման ու զարգացման այն գլխավոր հաստատությունը, որտեղ ծնունդ առած գաղափարներն ու նախաձեռնությունները կարևոր խթան են հանդիսացել երկրի հասարակության համար: <<2006թ. դեկտեմբերի 10-ին անցկացված համաժողովրդական քվեարկությունն, անշուշտ, օրգանապես կապված է դրանից 15 տարի առաջ` 1991թ. դեկտեմբերի 10-ին` նույն օրն անցկացված անկախության հանրաքվեի հետ և նրա տրամաբանական շարունակությունն է,- ասաց Աշոտ Ղուլյանը: - Երկու պարագայում էլ թե՞ իրադարձային և թե՞ բովանդակային առումներով ընդունված փաստաթղթերը` ԼՂՀ անկախության հռչակագիրը և Արցախի Սահմանադրությունը, փոխադարձաբար  լրացնում և  հարստացնում են իրար` աշխարհին ներկայանալով որպես պատմական բնօրրանում անկախ, ինքնիշխան պետականություն կերտելու, սեփական ճակատագիրն ինքնուրույն ու ինքնաբավ տնօրինելու` Արցախի բնիկ հայ ժողովրդի միասնական հակամարտություն>>: Արցախի խորհրդարանի խոսնակի հավաստմամբ` ԼՂՀ Սահմանադրությունը մեր ժողովրդի ներկայի ու ապագայի ուղենիշն է, մեր հանրային, պետական կյանքի, երկրի կենսագործունեության իրավական կարգավորմանն ուղղված օրենսդրական ու նորմատիվ ակտերի ելակետ-հիմնաքարը, որի վրա վեր է հառնում մեր հայրենական տունը` Արցախի Հանրապետությունը` աշխարհի ճանաչված պետությունների ընտանիքի մաս կազմելու իր օրինական և իրատեսական հեռանկարներով:
<<Մարդու և քաղաքացու անձնական իրավունքների և ազատությունների սահմանադրաիրավական կարգավորումը ԼՂՀ-ում>>, <<Իշխանությունների բաժանման սկզբունքի ամրագրումը Սահմանադրությունում>>, <<Մարդու և քաղաքացու սահմանադրական կարգավիճակը ԼՂՀ-ում>>, <<ԼՂՀ Սահմանադրությունը` որպես ժողովրդավարական պետության կայացման հիմք>>, <<Քաղաքացիների սահմանադրական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը ԼՂՀ-ում>>. սրանք էին կոնֆերանսի թեմաները, որոնցով հանդես եկան իրավաբանական բաժնի 4-րդ կուրսի ուսանողներ Լուսինե Բարխուդարյանը, Արմինե Դանիելյանը, Անուշ Դանիելյանը, Վարդուհի Ավանեսյանը և մագիստրատուրայի բաժնի 2-րդ կուրսի ուսանողուհի Անուշ Դավթյանը:  Ապագա իրավաբանները նաև հստակ պատասխանեցին ներկաների` իրենց ուղղված հարցերին, ինչից գոհ մնացին պետական այրերը: Ուսանողների ելույթները թույլ են տալիս եզրակացնել, որ նրանք լավ են պատկերացնում ավագ սերնդի սահմանած սկզբունքների` սահմանադրական դրույթների իրացումը կյանքում:     
Հնչած ելույթներին և Մայր օրենքին տված իր գնահատականում ԼՂՀ արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը մասնավորապես ասաց. <<Չպետք է հուսահատվել ու մտածել, որ վեց տարի առաջ հռչակած այն դրույթները, որոնք վերաբերում են ժողովրդավարությանը, իրավական պետությանը, մեկ-երկու տարում պետք է կյանքի կոչվեն: Ոչ: Դա մեր կյանքի ուղենիշն է, որին պետք է մշտապես ձգտենք: Դա ինչ-որ չափով ապագայի փաստաթուղթ է: Եվ ինչպես նշվեց բոլոր զեկուցումներում` իշխանությունների տարանջատում, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանություն և այլն, դրանց միակ երաշխավորը հանդիսանում է ժողովուրդը: Եթե ժողովուրդը ակտիվորեն մասնակցում է երկրի իշխանության ձևավորմանը, ապա կարելի է ասել, որ այդ երկրում հետագայում կարող է լինել իշխանությունների իրական տարանջատում: Իսկ եթե կա իշխանությունների տարանջատում, ապա բոլոր մյուս խնդիրները շատ հեշտ լուծվում են>>:
ԼՂՀ ԱԺ նախագահը, գոհունակություն հայտնելով հնչած ելույթների կապակցությամբ, շեշտեց, որ դրանք հիմնականում վերաբերում էին մարդու իրավունքներին ու ազատություններին: Սա նշանակում է, ասաց Աշոտ Ղուլյանը, որ մեր երկրում` սկսած գիտական հաստատություններից, բոլոր պաշտոնյաները պետք է զգան մարդու իրավունքների իրական արժեքը, որը հռչակված է մեր Սահմանադրությամբ: Որպեսզի երկրում ամեն մեկը` անկախ իր ծագումից, ծննդավայրից, այսօրվա դիրքից, հավասարապես զգա Սահմանադրության տված հնարավորությունները:
Արցախի խորհրդարանի ղեկավարն իր խոսքն ավարտեց ուսանողներին ուղղված կոչով. <<2006 թվականի Սահմանադրության իրագործողները դուք եք, և ձեզնից են կախված ինչպես մեր Սահմանադրության մակարդակն ու նրա սահմանադրական արժեքը, այնպես էլ այն հարցը, թե որքանով ենք կարողանալու մենք այն պահել: Այսօրվա մրցակցությունը, ինքը` ղարաբաղյան խնդիրը, նաև մեր արժեհամակարգերի մրցակցություն է: Եթե մենք տեր չկանգնենք մեր Սահմանադրությանը, շատ ավելի խոցելի ենք լինելու>>,- ասաց ԱԺ նախագահը:

DSC00113                                                                                     DSC00122