Արցախի պետական համալսարան

Ապրիլի  16-ից 18-ը  Աղվերանում   կայացել  է Միջազգային  մարդասիրական  իրավունքի  թեմայով ազգային դատախաղ-մրցույթ: Մրցույթին  մասնակցել  և  առաջին  մրցանակային  տեղ  է  զբաղեցրել   ԱրՊՀ  թիմը, որի կազմում ընդգրկված էին «Իրավագիտություն» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողներ: Դատախաղը  կազմակերպվել  էր  Կարմիր   Խաչի   միջազգային   կոմիտեի  կողմից, որին  մասնակցել  են  թիմեր ՀՀ  վեց  բուհերից   և Արցախի  պետական  համալսարանից:

Արցախի  պետական  համալսարանի «Guardian»  թիմը  ներկայացրել  են  «Իրավագիտություն»  մասնագիտության  4-րդ  կուրսի  ուսանողներ   Արման Ասրյանը, Անժելիկա  Հովսեփյանը  և  Գոհար  Միրզաջանյանը:

Արման Ասրյանը, ով  հաղթող  է  ճանաչվել  նաև  «Լավագույն  հռետոր» անհատական  անվանակարգում, նշել  է, որ  միջոցառումը   մասնակիցներին  տալիս  է փորձ՝ մասնագիտական  կայացման  համար  և  միաժամանակ   ամրապնդում  է  կապը  այլ  համալսարանների  ուսանողների  հետ:

«Միջազգային  մարդասիրական  իրավունքն  անգամ պատերազմների ժամանակ պետք է գերակա լինի մարդկային դիմագիծը պահպանելու առումով: Այն, որ Միջազգային  մարդասիրական  իրավունքի  նորմերը ոչ միշտ են պահպանվում, ոչ թե իրավունքի թերի լինելով է պայմանավորված, այլ՝ պետությունների քաղաքական կամք դրսևորելու անկարողությամբ»,- նշել  է  Ա. Ասրյանը՝ հավելելով, որ այս ուղղությամբ անելիքներ կան դեռ:

Մրցանակի արժանացած թիմերը արժանացել են հավաստագրերի: