Արցախի պետական համալսարան

Ապրիլի   20-ին   Արցախի  պետական  համալսարանում կայացել է հանդիպում    Արցախի  Հանրապետության   Ազգային  ժողովի  նախագահ  Արթուր  Թովմասյանի  հետ, որին ներկա էին դասախոսներ, ուսանողներ  և   աշխատակիցներ: Հանդիպումը  կազմակերպվել  է  համալսարանում մեկնարկած  «Արցախ. ներկան  և  ապագան»  ծրագրի  շրջանակներում:

Ողջունելով ներկաներին՝ ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը կարևորել է ԱՀ ԱԺ նախագահի հետ նման ձևաչափով հանդիպումը՝ նշելով, որ այդպիսի հանդիպումները լավագույն հարթակ են՝ մտավորականությանն ու երիտասարդությանը հուզող հարցերը բարձրաձայնելու և ոլորտի պատասխանատուից անմիջապես պարզաբանումներ լսելու տեսանկյունից:

 «Արթուր  Թովմասյանը  եղել  է  ԱրՊՀ  շրջանավարտ  և  երկար  տարիներ աշխատել  է  համալսարանում: Գնահատման արժանի է  համալսարանի զարգացման գործում նրա ունեցած ավանդը: Ռեկտորատը  որոշել է   ԱրՊՀ  50-ամյակի  հուշամեդալով պարգևատրել Ա. Թովմասյանին»,- նշել  է  ԱրՊՀ  ռեկտոր  Ա. Սարգսյանը՝ ԱԺ նախագահին շնորհելով ԱրՊՀ 50-ամյակի հուշամեդալ:

            Արթուր  Թովմասյանը  կարևորել  է  համլսարանականների  ծավալած կրթադաստիարակչական ու գիտական  գործունեությունը՝   ի  նպաստ  Արցախի  ներկայի  և  ապագայի: Նրա  խոսքով՝  Արցախի  պետական  համալսարանն  արդեն  իսկ  կայացած  բուհ  է  և  ունի  իր  ավանդույթները:

            Բանախոսը  ներկայացրել  է  ստեղծված  իրավիճակի հետ կապված առկա խնդիրները, արտաքին  քաղաքական  մարտահրավերները, Արցախի  անվտանգության  ու  կարգավիճակի  հետ  կապված  որոշ  մանրամասներ  և  պարզաբանել   դրանց   ուղղությամբ  տարվող  աշխատանքները:

            «Օրակարգային բոլոր  հարցերը   ուշադրության  կենտրոնում  են, դրանք  բարձրաձայնվում  են,  և  ամեն  բան  արվում   է  բանակցությունների  դաշտում  հաջողություններ  ունենալու  ուղղությամբ»,- նշել  է  Ա. Թովմասյանը՝ հավելելով, որ  միասնական  լինելու  դեպքում  կհասնենք  մեր  առջև   դրված  նպատակներին:

Հանդիպման ընթացքում Ա. Թովմասյանը պատասխանել է ներկաների հարցերին, որոնք վերաբերում էին երկրի անվտանգությանը, սոցիալական, տնտեսական, քաղաքական և այլ ոլորտների: