Արցախի պետական համալսարան

 

2020 թ. սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի առաջին իսկ պահից համալսարանականները կամավորագրվել են՝ իրենց նպաստը բերելու հայրենիքի պաշտպանության գործին՝ առաջնագծում և թիկունքում։

     

Ապրիլի 21-ին, ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը շնորհակալագրերով և գրքերով պարգևատրել է 2020 թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի ընթացքում թիկունքի կամավորական աշխատանքներում ակտիվ մասնակցություն ցուցաբերած համալսարանականներին։
Շնորհակալություն հայտնելով բոլոր մասնակիցներին՝ ռեկտորը մաղթել է, որ այսուհետ համալսարանականների ներուժը ծառայի խաղաղ կյանքում ու ստեղծարար, գիտակրթական աշխատանքներում։
«Մեծ է ձեր կատարած աշխատանքի նշանակությունը։ Այդ օրերին վտանգելով ձեր կյանքը՝ շտապել եք յուրաքանչյուրդ յուրովի ձեր նպաստը բերել հայրենիքի պաշտպանության գործին։ Մասնակիցներ են եղել ձեր շարքերում, ովքեր նույնիսկ իրենց փոքրահասակ եղբայրներին ու քույրերին են իրենց հետ բերել ու ներգրավել աշխատանքներում»,-նշել է ռեկտորը։
ԱրՊՀ ՈւՇՀՀՏԱԳ պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանն իր խոսքում նշել է, որ մեր ժողովուրդը զարմանալի մի հատկություն ունի. համախմբվել դժվարությունների պահին։
«Համախմբվելու դեպքում մենք կարող ենք հաղթահարել մեր առջև ծառացող խնդիրները։ Թող այսուհետ կամավորական աշխատանքների անհրաժեշտությունը լինի միայն կառուցողական ծրագրերի իրականացման համար, և բոլորը աշխատեն խաղաղ պայմաններում»,-նշել է Վ.Յարամիշյանը՝ շնորհակալություն հայտնելով կամավորական աշխատանքների մասնակիցներին ու ռեկտորին՝ այդ աշխատանքները գնահատելու համար։
ԱրՊՀ ՈւԽ նախագահ Արման Ասրյանն էլ իր հերթին է խրախուսել ուսանողական խորհրդի ակտիվ անդամներին՝ նրանց խրախուսելով դրամական պարգևով։