Արցախի պետական համալսարան

ԱրՊՀ    բանասիրական  ֆակուլտետի  ուսանողական  խորհրդի  նախաձեռնությամբ   կազմակերպվել  է  «Ստեղծագործ  ուսանող»  խորագրով  միջոցառում, որին   մասնակցել  են  ֆակուլտետի  տարբեր   մասնագիտություններից  ուսանողներ: Միջոցառման   ընթացքում  ուսանողները  ներկայացրել  են  իրենց հեղինակային արձակ   և  չափածո  ստեղծագործությունները՝   հայրենասիրական,  պատերազմական, կարոտի  և  սիրո  թեմաներով գրված:

Միջոցառմանը  ներկա  էին  գրականության  և  լրագրության  ամբիոնի  դասախոսներ, ովքեր   իրենց  ելույթներում գոհունակություն են հայտնել ուսանողների ներկայացրած գործերի վերաբերյալ, խորհուրդներով ուղղորդել և ոգևորել երիտասարդ ստեղծագործողներին:

«Ասպարեզ  է  իջել  մի  սերունդ,  որը  գալիս  է  ոչ   թե   գրերից, բանաստեղծություններից,  այլ   այսօրվա  դժվարին,  ողբերգական  վիճակից»,-նշել  է  ամբիոնի  դասախոս, բ.գ.դ, պրոֆեսոր, բանաստեղծ  Ս. Խանյանը՝  հավելելով,  որ  հիացած  է  ուսանողների  ստեղծագործական  ձիրքով  և  խոստանում  է  իր  առաջիկա  գրքում  տպագրել  հնչած  լավագույն   ստեղծագործությունները:

«Միջոցառման  նպատակը  ստեղծագործող  ուսանողներին   բացահայտելն  ու  ներկայացնելն  էր: Սա  ևս  մի  առիթ   էր՝  ծանոթանալու  նրանց  ներաշխարհին  և  հույզերին,  հնարավորություն  տալու ինքնադրսևորվելու   և ոլորտի ավագ սերնդի ներկայացուցիչներից խորհուրդներ   ստանալու   համար»,- նշել  է  ֆակուլտետի  ՈՒԽ  նախագահ  Ի. Առուստամյանը:

 Ստեղծագործող  ուսանողները ևս  գոհունակություն են հայտնել միջոցառման ձևաչափից՝ այն համարելով ոգեշնչման ազդակ:

«Ինձ համար պոեզիան հանգստանալու, ինքնամխիթարանքի միջոոց է։ Շնորհակալություն այսպիսի միջոցառում կազմակերպելու, ստեղծագործող ուսանողներին ինքնադրսևորվելու հնարավորություն ընձեռելու համար»,-նշել է ուսանողուհի Լուսինե Սաիլյանը:

Միջոցառման ընթացքում ուսանողների կողմից հնչել է նաև ասմունք հայ դասականների գործերից: