Արցախի պետական համալսարան

ԱրՊՀ մանկավարժության և սպորտի ֆակուլտետում մանկավարժության և հոգեբանության ամբիոնի և ուսանողության նախաձեռնությամբ տեղի է ունեցել միջոցառում՝ նվիրված Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին:

Միջոցառման մասնակիցները հանդես են եկել զեկուցումներով ու ելույթներով՝ դատապարտելով 106 տարի առաջ հայ ժողովրդի հանդեպ իրագործված ոճրագործությունը:

Կարևորելով ազգային հիշողության պահպանման և սերնդեսերունդ այն փոխանցելու գործում ապագա մանկավարժների դերակատարումը՝ ֆակուլտետի դեկան Շահեն Այդինյանն ընդգծել է նման միջոցառումների կազմակերպման անհրաժեշտությունն ու դրանք պարբերական դարձնելը:

«Ցեղասպանությանը վերաբերող մեր բոլոր միջոցառումների համար միշտ ընտրում ենք «Հիշում ենք և պահանջում» խորագիրը: Եթե ազգի հիշողությունը մենք չկարողանանք  սերունդների մեջ կենդանի պահել, կդատապարտվենք ոչնչացման:  Ընտանիքից սկսած մինչև կրթական հաստատություններ մեր բոլորիս  խնդիրը պետք է լինի սերունդների մեջ հիշողությունը վառ պահելը: Այն, ինչ վերաբերում է ազգային ողբերգությանն ու պահանջատիրությանը, պիտի կարողանանք կենդանի պահել և փոխանցնել սերունդներին»,-իր խոսքում ասել է Շ. Այդինյանը՝ ընդգծելով, որ այս հարցում կարևոր դերակատարում պետք է ունենան մանկավարժները:

Մանկավարժության և հոգեբանության ամբիոնի վարիչ Էլլադա Բաղդասարյանի խոսքով՝ միջոցառումն  ապագա մանկավարժների խոսքն է ՝ ուղղված միջազգային հանրությանը:

«Մենք դեմ ենք ամեն տեսակի բռնության: Մենք պետք է ոչ թե զոհի կարգավիճակով ներկայանանք աշխարհին,այլ՝ պահանջատիրոջ: Պահանջատիրոջ կարգավիճակով էլ այսօր հնչում է երիտասարդ սերնդի կամքն ու խոսքը»,-ասել է Է. Բաղդասարյանը:

Միջոցառման ընթացքում ուսանողները հանդես են եկել օրվա թեմային վերաբերող ասմունքով ու երաժշտական կատարումներով: