Արցախի պետական համալսարան

Այսօր՝ ապրիլի 23-ին, ԱրՊՀ-ում կայացել է հանդիպում Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի հետ, որին մասնակցում էին համալսարանի դասախոսներ և ուսանողներ: Հանդիպումը նախաձեռնվել է ԱրՊՀ-ում մեկնարկած «Արցախ. ներկան և ապագան» ծրագրի շրջանակում:

Շնորհակալություն հայտնելով Վ. Բալասանյանին ԱրՊՀ այցելելու և համալսարանականների հետ հանդիպելու համար՝ ԱրՊՀ ռեկտորը, ռեկտորատի կայացրած որոշման համաձայն, Վ. Բալասանյանին պարգևատրել է ԱրՊՀ  հիմնադրման 50-ամյակի հուշամեդալով:

Հանդիպման ընթացքում Վ. Բալասանյանը  խոսել է երկրի իրավիճակի հետ կապված առկա խնդիրների և դրանց լուծման ուղիների մասին: Որպես առաջնահերթություն ընդգծելով անվտանգության խնդիրը՝ բանախոսը այս համատեքստում կարևորել է ինչպես  յուրաքանչյուրի անհատական, այնպես էլ թիմային աշխատանքի  ու ճիշտ  մտածելակերպի ձևավորման ու ամրապնդման դերը արդյունավետության հասնելու համար:

Ապագան ճիշտ կառուցելու, առկա դժվարությունները հաղթահարելու համար Վ. Բալասանյանն ընդգծում է պատմությունից դասեր քաղելու անհրաժեշտությունը:

 «1915 թ. Ցեղասպանություն տեսած, 80-ական թթ. ազգային-ազատագրական զարթոնք ապրած, Սումգայիթյան, Բաքվի ջարդեր, 90-ականների պատերազմ տեսած ժողովուրդը պատմությունից պետք է, որ դասեր քաղած լինի, բայց չի քաղել»,-նշել է Բալասանյանը՝ համոզմունք հայտնելով, որ ներկայիս ծանր իրավիճակը կարողանալու ենք հաղթահարել: Նրա խոսքով՝ մինչև 1993 թ. հունիս ամիսը մեր ժողովուրդը ավելի ծանր իրավիճակում է եղել, բայց կարողացել է հաղթահարել:

«Ամեն ինչ, բոլոր կորուստները,  բացի մարդկային կորուստներից,  հնարավոր է վերականգնել քաղաքական ճանապարհով ու բանակցությունների միջոցով»,-հավաստիացրել է Վ. Բալասանյանը:

Բանախոսը խոսել է  նաև Արցախի Հանրապետությունում տարբեր ոլորտներում իրականացվող և իրականացվելիք մոտակա և երկարաժամկետ ծրագրերի, խնդիրների առաջնահերթությունների,  աշխարհաքաղաքական զարգացումների, մարտահրավերների մասին՝ կարևորելով նաև ազգային արժեքների, ավանդույթների պահպանման  անհրաժեշտությունը ազգային ինքնության  ու դիմագծի  պահպանման համար:

Վ. Բալասանյանը պատասխանել է նաև ներկաների հարցերին: