Արցախի պետական համալսարան

Ապրիլի   23-ին   Արցախի   պետական   համալսարանի   պատմության  և  իրավագիտության  ֆակուլտետի  ուսանողական  խորհրդի  նախաձեռնությամբ  Հայոց  ցեղասպանության    106-րդ  տարելիցի  կապակցությամբ   Ստեփանակերտի   Ա. Ղուլյանի   անվան  N2  դպրոցի  8-րդ  դասարանի   աշակերտների հետ  կազմակերպվել   է    դաս-սեմինար՝ «Հայոց  ցեղասպանության պատմական և  իրավական   կողմերը»  թեմայով:

Նախաձեռնության  մասնակից  են  դարձել  «Իրավագիտություն»  և  «Պատմություն» մասնագիտություններից    ուսանողներ, ովքեր  հանդես    են   եկել     ելույթներով՝ Հայկական  հարցի, Հայոց ցեղասպանության, դրանց  իրավական  ու  պատմական  կողմերի  և   արդիականացման վերաբերյալ:

            «Իրավագիտություն»  մասնագիտության  առաջին  կուրսի  ուսանող  Արա  Սարգսյանի  խոսքով՝  Թուրքիան  իր  ցեղասպան  քաղաքականությունը  շարունակում  է  նաև  այսօր՝  Ադրբեջանի  ձեռքով, որի  վառ  ապացույցը  եղավ  2020 թ. Արցախյան  պատերազմը:

            «Ի՞նչ  խոսք  կարող  է  լինել   խաղաղասիրության  մասին, եթե Բաքվում բացվել  է  ռազմավարի  պուրակ, որն  ակնհայտ հաստատում է Ադրբեջանում հայատյացության և թշնամանքի քարոզի պետական քաղաքականության առկայության փաստը: Այդ  քաղաքականությունը  հետևողականորեն իրականացվում  է   տարիներ  շարունակ և հաստատվում կոնկրետ ապացույցներով»,-իր  խոսքում նշել  է  Ա. Սարգսյանը՝  հավելելով, որ  ցեղասպանությունը,  ըստ  միջազգային  իրավունքի,  հանցագործություն  է,  և  այն   անհրաժեշտ  է  կանխարգելել  ու  դատապարտել:

            «Պատմություն»  մասնագիտության  2-րդ  կուրսի  ուսանողուհի  Տաթև  Սարգսյանը   աշակերտներին  ներկայացրել  է  հայկական  հարցի  ու  դրա  ձևավորման  արմատների  մասին  փաստեր  և  մանրամասներ:

            Ուսանողները  պատասխանել  են  նաև  աշակերտների  հարցերին: