Արցախի պետական համալսարան

Արցախի  պետական  համալսարանի  պատմության  և  իրավագիտության  ֆակուլտետում  կայացել  է «Հայոց  ցեղասպանությունը   երեկ  և  այսօր»  թեմայով   կլոր  սեղան-քննարկում ՝ նվիրված    ցեղասպանության  106-րդ  տարելիցին: Միջոցառումը  կազմակերպվել   է  պատմության  և  քաղաքագիտության  ամբիոնի  վարիչ, պ.գ.թ., դոցենտ  Նունե  Սարումյանի  նախաձեռնությամբ, որին  ներկա  էին  գիտական  և  միջազգային  համագործակցության  գծով  պրոռեկտոր  Վ. Ավանեսյանը, ֆակուլտետի  դեկան  Ա. Խաչատրյանը, ամբիոնից  դասախոսներ   և  տարբեր  կուրսերից  ուսանողներ:

«Իմ  մոտեցումն  այնպիսին  է, որ  մենք  ոչ  թե   պետք  է  ողբալի  իրավիճակում  մեզ  ներկայացնենք, այլ՝  ցույց  տանք  աշխարհին, որ  մեր  նկատմամբ  ոճրագործութուն  է   կիրառվել,  և  մենք  չենք  համաձայնվում  այդ  գործողությունների  հետ՝  մեր  բողոքի  ձայնը    բարձրացնելով, դատապարտելով  և  պահանջատեր  լինելով    մեր  տարածքների, մեր   հոգևոր-մշակութային  կոթողների նկատմամբ, որոնք  հայկական  են  և  մեր  ազգայինն  են: Յուրաքանչյուր  ոճրագործություն  անկախ  ժամկետից  պետք  է  դատապարտվի  և  պետք  է   դրա  համար  փոխհատուցվի»,-  նշել   է  պ.գ.թ., դոցենտ  Ն. Սարումյանը՝    հավելելով, որ  ինչքան  երկարաձգվում   է  ցեղասպանության  ճանաչման  գործընթացը  և  ամրապնդվում ժխտողական  քաղաքականությունը, այնքան  նորանոր  ոճրագործություններ  են  տեղի  ունենում:

            Պատմության  և  իրավագիտության  ֆակուլտետի  դեկան, պ.գ.թ., դոցենտ  Ա. Խաչատրյանը  նշել  է, որ  հայ  ժողովուրդը    հարուստ  պատմություն  ունի, որով  պետք  է  հպարտանա   և  առաջ  շարժվի:

            «Թուրքիայի  որդեգրած  ծավալապաշտական, ազգայնամոլական, ինչու  չէ  նաև հետադիմական   գաղափարախոսության՝ պանթուրքիզմի   արդյունքը  եղավ  հայ  ժողովրդի  հանդեպ  իրականացրած  ցեղասպանությունը: Ինչքան  էլ  այսօր  փորձում  է  իրեն  դրսևորել  որպես  ժողովրդավարական  երկիր, այնուհանդերձ  պանթուրքիզմը   նրա  արտաքին  քաղաքականության   գլխավոր    ուղենիշն  է, որի  ապացույցը  եղավ  նաև  20-րդ  դարասկզբին  Կովկասում  ստեղծված   անարմատ  ու  արհեստածին  այդ  պետությունը՝ Ադրբեջանը»,- իր  խոսքում  նշել  է  Ա. Խաչատրյանը  և  հավելել, որ   մենք մի  այնպիսի  միասնական  ազգ  ենք, որը  պետք  է  ապրի, ստեղծի, շենացնի  և  նորը  կերտի:

            Քննարկման  մասնակիցները  հանդես  են  եկել  ելույթներով  և  զեկույցներով, որոնք  վերաբերում  էին   մշակութային  եղեռնին՝ որպես   Թուրքիայում   և  Ադրբեջանում ցեղասպանության  քաղաքականության  շարունակություն, անդրադարձել ցեղասպանության  դատապարտման  իրավական  կողմերին,  պահանջատիրությանը, միջազգային   ճանաչման   գործընթացին   և   արդի  փուլի  իրավական  մարտահրավերներին:

            «Ցեղասպանության  կրկնության  հավանականությունը  մեր  օրերում  շատ  ավելի  մեծ  է, քանի  դեռ   միջազգային  հանրությունը  անտարբեր  է  մնում  այդ  խնդրի   նկատմամբ: Մեր   գերխնդիրը  մեկն  է. հասնել  ճշմարտության  և  արդարության, որովհետև  այդ  երկուսն  էլ  մարդու  կյանքի  և  հայրենիքի  կարևորագույն  իրավունքների  առանցքային  կետերն  են»,-  նշել  է  «Հայոց  պատմություն» մասնագիտության  մագիստրատուրայի  2-րդ  կուրսի  ուսանողուհի  Մարինե  Հովակիմյանը: