Արցախի պետական համալսարան
ԱրՊՀ-ում մեկնարկած «Արցախ. ներկան և ապագան» խորագրով ծրագրի շրջանակում ապրիլի 29-ին համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողության հետ հանդիպել և երկրում ստեղծված իրավիճակի հետ կապված իր անձնական տեսակետն ու տեսլականն է ներկայացրել ԱՀ ԱԺ նախկին նախագահ, քաղաքական գործիչ Աշոտ Ղուլյանը։
 
Ողջունելով ներկաներին և շնորհակալություն հայտնելով Ա. Ղուլյանին՝ ռեկտոր Արմեն Սարգսյանն ընդգծել է նրա ունեցած ներդրումը համալսարանի զարգացման գործում և Ա.Ղուլյանին պարգևատրել ԱրՊՀ 50-ամյակի հուշամեդալով ու «Արցախի ժողովրդագիտությունը» գրքի հատորներով։
Աշոտ Ղուլյանը հանդես է եկել բանախոսությամբ, որի ընթացքում նա անդրադարձել է պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակին, փոփոխված անվտանգային միջավայրին, արտաքին ու ներքին սպառնալիքներին՝ առանձնացնելով երկրի շահից բխող այն առաջնահերթությունները, որոնց ապահովման ուղղությամբ պետք է շարունակական աշխատանքներ տանել։ Այս համատեքստում Ա.Ղուլյանն առանձնացնում է հայրենիքի պաշտպանությունը, Արցախում անվտանգ ապրելու իրավունքի երաշխավորումը, բնակչության կենսագործունեության նվազագույն պայմանների ապահովումը, խաղաղության ապահովումը, բանակի վերականգնումը և Արցախը համահայկականության առանցք, համազգային ծրագրերի կենտրոն դարձնելը։
Խոսելով արտաքին և ներքին սպառնալիքների մասին՝ բանախոսը դրանց դիմակայելու և հաղթահարելու համար կարևոր է համարում շարունակական ու խելացի աշխատանքը, քաղաքական մշակույթի ձևավորումն ու ուժերի կոնսոլիդացիան:
Կարևորելով քաղաքական պայքարը՝ նա նշել է, որ չպետք է այն հասնի ծայրահեղությունների՝ երկրում ստեղծելով քաղաքական ճգնաժամ։
«Քաղաքական կոնսոլիդացիան որոշիչ է լինելու, թե ինչպես ենք կարողանալու կոնսոլիդացնելու, համախմբելու մեր ուժերը և վերականգնվելու այսքան կորուստներից հետո»,-նշել է Ա. Ղուլյանը։
Ա. Ղուլյանն արտաքին սպառնալիքներ է համարում պատերազմը, Արցախի անորոշ կարգավիճակը, տնտեսական և հաղորդակցային շրջափակումը, Թուրքիայի և Ադրբեջանի դիրքերի ամրապնդումը, ահաբեկիչների և վարձկանների ներթափանցումն ու տարածումը տարածաշրջանում, դաշնակիցների բացակայությունը, տեխնոլոգիական և գիտական հետընթացը, որոնց ուղղությամբ, նրա կարծիքով, անելիքները հրամայական են։
Երկրի առջև ծառացած ներքին սպառնալիքների հաղթահարման համար բանախոսը առաջնահերթ է համարում պրոֆեսիոնալ կառավարումը, հանրային անվտանգության ապահովումը, կոռուպցիայի և հովանավորչության վերացումը, կադրային ճիշտ քաղաքականությունը, դեմոգրաֆիական խնդիրների լուծման ուղղությամբ տարվող աշխատանքները։
Հանդիպման ընթացքում Ա. Ղուլյանը պատասխանել է նաև ներկաների հարցերին։