Արցախի պետական համալսարան

Ապրիլի  29-ին  Արցախի   պետական   համալսարանում   հանդիպում  է  կայացել  «Արցախի  բնակավայրերը»  գրքի  հեղինակ  Սլավա  Սարգսյանի  հետ: Հանդիպումը կազմակերպվել  է  բանասիրական   ֆակուլտետի  դեկան, բ.գ.թ., դոցենտ   Լուսինե   Մարգարյանի   նախաձեռնությամբ՝ «Հայոց  լեզվի  պատմություն  և  գրաքննադատություն»   մասնագիտության    մագիստրատուրայի   առաջին   կուրսի  ուսումնական  պլանում   ներառված  «Արցախի  տեղանվանագիտություն»  առարկայի  շրջանակներում: Միջոցառմանը  ներկա էին  համալսարանի  ռեկտոր  Ա. Սարգսյանը, համալսարանի  պրոֆեսորադասախոսական  կազմից  ներկայացուցիչներ  և  տարբեր  կուրսերից  ուսանողներ:

Միջոցառման  մասնակից  ուսանողները  հանդես  են  եկել  ելույթներով՝  գնահատելով  ուսումնասիրությունը  համաժամանակյա, տարժամանակյա  կտրվածքով՝ ներկայացնելով  բնակավայրերի  ստուգաբանական  առանցքը: 

Ներկաների  խոսքով՝ գիրքը   որպես  համահավաք  աշխատություն, լեզվաբանական, պատմական  և աշխարհագրական  ուսումնասիրությունների  մի  փունջ-ուղեցույց  է  ոչ  միայն  սկսնակ   տեղանվանագետների, այլ  նաև  տեղանվանագիտությամբ  և  Արցախի  պատմությամբ   հետաքրքրվող  անձանց  համար:

            «Սլավա  Սարգսյանի  կատարած  ուսումնասիրությունը  միարար  գիծ  է՝ անցյալի  ստեղծածի, վկայածի  ու  պեղածի  և  ապագային  ուղղված  հայացքի  հորիզոնում: Այն  մեզ  կուղղորդի  դեպի  ինքնաճանաչություն, որովհետև   մեր   իսկ  ճանաչությունն  սկսվում  է  մեր  բնակության  տարածքի  ճանաչությունից»,- իր  ելույթում  նշել  է «Հայոց  լեզվի  պատմություն  և  գրաքննադատություն»  մասնագիտության   մագիստրատուրայի  առաջին  կուրսի  ուսանողուհի  Հերմինե  Արզումանյանը՝  հավելելով, որ   «Արցախի  բնակավայրերը»  գիրքը  նաև  մշտապես  նորացվող  աշխարհի  հետ  հարաբերվելու, քաղաքակրթությունները  ճանաչելու  կարևոր  միջոց  է:

Դասախոսական  կազմից ելույթներով հանդես  են  եկել  բ.գ.թ., դոցենտի  պաշտոնակատար   Ս. Մինասյանը, բ.գ.թ., դոցենտ  Շ.Սաղյանը  և պատմության ու  քաղաքագիտության  ամբիոնի  ավագ  դասախոս Լ. Հովհաննիսյանը:

            Սլավա  Սարգսյանը  իր  շնորհակալությունն  է  հայտնել  հրավերի  և  միջոցառման  կազմակերպման   համար՝ նշելով, որ  կարևորում  է  նաև   ներկաների  կողմից  գրքի  վերաբերյալ   կատարած  վերլուծությունները:

            «Քաղաքական   նկատառումներից  ելնելով՝  առաջիկայում  նախատեսում  եմ  նաև  հրատարակել  Արցախի  վանքերի  և  հուշարձանների   մասին  աշխատություն   և  թարգմանել  այն տարբեր  լեզուներով: «Արցախի  բնակավայրերը»  ևս   կթարգմանվի  տարբեր  լեզուներով ՝  մի  շարք  պատմական  փաստեր  վերհանելու  և  աշխարհին  ի  ցույց  դնելու  համար»,- նշել  է  հեղինակը:

            Միջոցառման  ավարտին   ռեկտորը  բանախոսին   շնորհակալություն  է հայտնել  Արցախի  պետական  համալսարանում  հյուրընկալվելու  համար  և  պարգևատրել  «Արցախի   ժողովրդագիտությունը»  գրքի  հատորներով: Բանախոսն  իր  հերթին  համալսարանին  է նվիրել  իր հեղինակային  գրքերից:

            Հանդիպման  ընթացքում  Ս. Սարգսյանը պատասխանել  է նաև  ներկաների  հարցերին: