Արցախի պետական համալսարան

ԱրՊՀ հոգեբանական կենտրոնը, ՈՒՇՀՀՏԱ գծով պրոռեկտոր, հ.գ.թ., դոցենտ Վիտյա Յարամիշյանի գլխավորությամբ, հանրապետության շրջաններում իրականացնում է «Հոգեբանի հետ» հոգեբանական աջակցության ծրագիր: Ծրագրի շրջանակում «Հոգեբանություն» մասնագիտության դասախոսներն ու ուսանողները այցելում են հանրակրթական դպրոցներ, արդիական հնչեղություն ունեցող թեմաներով հանդես գալիս դասախոսություններով, անհրաժեշտության դեպքում նաև ցուցաբերում հոգեբանական աջակցություն:

Համալսարանականները ծրագրի շրջանակում արդեն այցելել են Մարտունու համար մեկ, Ճարտարի, Գիշու, Բերդաշենի, Ասկերանի, Նորագյուղի, Ստեփանակերտում տեղակայված Շուշիի  Խ. Աբովյանի անվան (Ստեփանակերտի հ. 2) և Հադրութի (Ստեփանակերտի հ. 3), Ստեփանակերտի համար 11,  Ճարտարի դպրոցներ: Առաջիկայում նախատեսվում են այցելություններ նաև Մարտակերտի շրջանների դպրոցներ:

«Նման այցերի նպատակն է վեր հանել պատերազմի հետևանքով հանրակրթական դպրոցներում, աշակերտության շրջանում ի հայտ եկած հոգեբանական խնդիրները և անհրաժեշտության դեպքում ցուցաբերել հոգեբանական աջակցություն և ասել, որ հարկ եղած դեպքում ԱրՊՀ լավագույն մասնագետները նրանց կողքին են»,- ծրագրի նպատակների մասին խասելով՝ նշել է պրոռեկտոր Վ. Յարամիշյանը՝ ծրագիրը կարևորելով նաև բուհ-դպրոց գործակցության ամրապնդման տեսանկյունից: