Արցախի պետական համալսարան

Ապրիլի 30-ին Արցախի պետական համալսարանի մանկավարժության և  հոգեբանության ամբիոնի և հոգեբանական կենտրոնի համատեղ նախաձեռնությամբ   կազմակերպվել է կլոր սեղան-քննարկում՝ «Ցեղասպանության թեման կրթության  ոլորտի համատեքստում» թեմայով: Քննարկմանը ներկա էին մանկավարժության և սպորտի ֆակուլտետի դեկան Շ.Այդինյանը, մանկավարժության և հոգեբանության ամբիոնի վարիչ Է.Բաղդասարյանը, ամբիոնից դասախոսներ և հոգեբանական կենտրոնից մասնագետներ:

Կարևորելով թեմայի ճիշտ մատուցումը դասապրոցեսին՝ դասախոսները քննարկում են վարել ցեղասպանության  թեման սերունդներին փոխանցելու  հարցի  շուրջ, ներկայացրել իրենց  անձնական մոտեցումները,  թե  երբ և ինչպես  պետք է երեխաներին պատմել ցեղասպանության մասին, հոգեբանական  ինչ  հետևանքներ  կարող  է  թողնել, ինչպես պետք է ազատվել զոհի հոգեբանական ենթագիտակցական կարծրատիպից  և ինչ  ազդեցություն  է ունենում ցեղասպանության ժխտումը հասարակական առողջության վրա:

Քննարկվող  հարցի  շուրջ  իրենց  տեսակետներն  են  ներկայացրել ֆակուլկտետի դեկան Շ.Այդինյանը, մ.գ.թ., դոցենտ Է.Բաղդասարյանը, հ.գ.թ., պրոֆեսորի պաշտոնակատար Ա.Մխիթարյանը  և ամբիոնից այլ դասախոսներ: Արդյունքում ներկաները եկել են այն եզրակացության, որ ցեղասպանության  թեմայի  սխալ մատուցման  դեպքում կարող  է  առաջանալ զոհի բարդույթ, ընկալման, ըմբռնման հետ կապված դժվարություններ, դեռահասության շրջանում ագրեսիվություն, պետք է համարձակ լինել և  երեխաներին  բացատրել իրողությունները, ճշմարտությունը՝ վերացնելով նրանց մոտ ձևավորված զոհի կարգավիճակը: