Արցախի պետական համալսարան
Մայիսի 5-ին Արցախի պետական համալսարան է այցելել «Ավրորա» մարդասիրական կազմակերպության համահիմնադիր, գործարար, բարերար Ռուբեն Վարդանյանը և հանդիպել պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողության հետ։
 
Հանդիպման ընթացքում Ռուբեն Վարդանյանը ներկայացրել է «Ավրորա» մարդասիրական կազմակերպության առաքելությունը, նպատակը, Արցախում իրականացված և իրականացվելիք ծրագրերը։ Նա ներկայացրել է նաև The FUTURE ARMENIAN (ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ) հանրային նախաձեռնությունը, որի նպատակն է ստեղծել Հայաստանի և հայության կայուն զարգացման շուրջ համընդհանուր փոխըմբռնում՝ ուսանողությանը կոչ անելով ներգրավվել նախաձեռնությանը։ Ռ. Վարդանյանի խոսքով՝ «Ապագա հայկականը» նախաձեռնությունը չունի քաղաքական նպատակներ և հավակնություններ, այն նպատակ ունի խթանել բաց հանրային դիսկուրս՝ ընտրելու ապագա, որը կոգեշնչի ու կներգրավի Հայաստանի և համայն հայության հավաքական ներուժը:
 
Նախաձեռնության 15 նպատակների մեջ են մտնում տեսլականի սահմանում, երաշխավորված պետականություն, պատմական պատասխանատվություն, Ազատ Արցախ, Հայաստան-Սփյուռք միասնականություն, ուժեղ սփյուռք, ուժեղ դաշինքներ, հարաճում, բնակչության աճ, կրթության գերազանցություն, գիտության, տեխնոլոգիաների և ստեղծագործականության գերակայություն, ողջամիտ կառավարում, արդար հասարակություն և նվազեցված անհավասարություններ, ժառանգության պահպանում, փաստերի վրա հիմնված որոշումների կայացում։
Ռ. Վարդանյանը նշում է, որ ծրագրերի իրականացման հիմքում նոր գաղափարներն են, նոր մտածելակերպ դաշտ բերելը։
 
Խոսելով պատերազմից հետո ստեղծված իրավիճակից՝ նշել է բաց թողնված սխալները և մատնանշել այդ սխալները շտկելու ուղիները՝ կրթություն, գիտելիք, աշխատանք, ուժ և ներքին ուժի բացահայտում։
«Այն ներքին մեծ ուժը, որ ունեն արցախցիները, պետք է վերագտնեն, դա է առաջ շարժվելու բանաձևը, և առաջ շարժվեն։ Արցախը պիտի մնա հայկական։ Եթե կորցնենք Արցախը, կկորցնենք հայ ազգը»,-նշել է նա՝ համոզմունք հայտնելով Արցախի լավ ապագայի մասին և իր պատրաստակամությունը հայտնել Արցախին տարբեր ծրագրերով աջակցելու հարցում։
 
Ռուբեն Վարդանյանը պատասխանել է նաև ներկաների հարցերին։
ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը, շնորհակալություն հայտնելով բանախոսին՝ Արցախի պետական համալսարան այցելելու և հայրենանվեր գործունեության համար, Ռուբեն Վարդանյանին և «Ավրորա» մարդասիրական կազմակերպության արցախյան ծրագրերի համակարգող, ԱՀ ԿԳՍ նախկին նախարար Նարինե Աղաբալյանին պարգևատրել է ԱրՊՀ 50-ամյակի հուշամեդալով։