Արցախի պետական համալսարան

Մայիսի 6-ին Արցախի  պետական համալսարանի  «Ֆիզդաստիարակություն և ՆԶՊ»  ամբիոնի նախաձեռնությամբ  կազմակերպվել է օլիմպիադա «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայից, որին  մասնակցել է հանրապետության հանրակրթական դպրոցների 8-12-րդ դասարանների 13 դպրոցների  47 աշակերտ:

Օլիմպիադայում  մրցակցությունն  ընթանում էր անհատական  և  թիմային  եղանակով: Մասնակիցներին  առաջադրվել են տեսական ու  գործնական խնդիրներ:

Ամփոփելով  օլիմպիադայի արդյունքները՝ թիմային մրցապայքարում ավագ դպրոցների միջև առաջին տեղ է  գրավել Ստեփանակերտի Ա.Սախարովի անվան 8-րդ մ/հ դպրոցի թիմը, 2-րդ տեղ՝ Ասկերանի Է. Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցը, 3-րդ տեղ՝ Ստեփանակերտի Վ. Ջհանգիրյանի անվան 11-րդ ավագ  դպրոցը: Հիմնական դպրոցականների միջև թիմային մրցապայքարում առաջին տեղ է  գրավել Ստեփանակերտի  Հ. Թումանյանի անվան 9-րդ միջնակարգ դպրոցը, 2-րդ տեղ՝ Ստեփանակերտի Ա. Գրիբոյեդովի անվան  3-րդ միջակարգ դպրոցը, 3-րդ տեղ՝ Ստեփանակերտի Խ. Աբովյանի անվան  1-ին հիմնական  դպրոցը:

Անհատական մրցապայքարում ավագ դպրոցականների շրջանում հրաձգությունից լավագույն արդյունք են ցույց տվել Ստեփանակերտի Ա.Սախարովի անվան 8-րդ մ/հ դպրոցի աշակերտուհի  Դիանա Բարսեղյանը, զենքի  քանդում և հավաքում մրցաձևից՝ նույն դպրոցի  աշակերտ Մովսես  Հովսեփյանը: Հիմնական դպրոցականների շրջանում զենքի քանդում և հավաքում մրցաձևից և հրաձգությունից լավագույն արդյունք է ցուցաբերել Ստեփանակերտի  Հ.Թումանյանի անվան 9-րդ միջնակարգ դպրոցի աշակերտ Արմեն Բաբայանը:

Թիմային  և  անհատական  մրցապայքարում լավագույն արդյունքներ  ցուցաբերած մասնակիցները  ԱրՊՀ-ի կողմից  պարգևատրվել են  պատվոգրերով:

Օլիմպիադային և պարգևատրման արարողությանը ներկա էին ԱրՊՀ մանկավարժության և սպորտի ֆակուլտետի ղեկավար կազմը և ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ:

Կարևորելով օլիմպիադայի նշանակությունը՝ «Ֆիզդաստիրակություն և ՆԶՊ» ամբիոնի վարիչ, մ.գ.թ. Սուսաննա Հայրապետյանը նշել է.

«Օլիմպիադայի  կազմակերպման նպատակն է ապագա  դիմորդներին մասնագիտական կողմնորոշման գործում նախաբուհական աջակցություն ցուցաբերելը, «ՆԶՊ  և  անվտանգ կենսագործունեություն» առարկայից լավագույն դպրոցական թիմին և լավագույն աշակերտներին ի հայտ  բերելը  և սովորող երիտասարդության շրջանում կարևորելը հայրենիքի պաշտպանությանը պատրաստ լինելու գաղափարը, ինչպես նաև ռազմահայրենասիրական դաստիարակությունը»:

Ֆակուլտետի դեկան Շ.Այդինյանը, կարևորելով բուհ-դպրոց  կապը, նման օլիմպիադաները համարել է այդ կապի ամրապնդման լավագույն միջոցներից մեկը: