Արցախի պետական համալսարան

Յուրաքանչյուր տարի Մայիսյան եռատոնին ընդառաջ հանրապետության կրթական հաստատություններում կազմակերպվում են արիության դասեր:  Չխախտելով ավանդույթը՝ մայիսի 7-ին  Արցախի մայր բուհում կազմակերպվել է արիության դաս՝ «Հարատև պայքար հանուն ապագայի» թեմայով, որը վարել են ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը և ՊԲ հրամանատարի ԲՀԱ գծով տեղակալ, գնդապետ Նորայր Մկրտչյանը:

Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են հանուն հայրենիքի պատերազմներում նահատակված քաջորդիների հիշատակը: Ռեկտոր Արմեն  Սարգսյանն իր խոսքում նշել է, որ, ցավոք, 44-օրյա պատերազմի պատճառով կորուստներ է ունեցել նաև մայր բուհը, հավերժի ճամփորդ է դարձել 24 ուսանող, անհայտ կորած է համարվում երկու ուսանող: Բուհում նրանց հիշատակին բացվել է հուշատախտակ, վերահրատարակության են պատրաստում «Անկախության նվիրյալները» գիրքը, որտեղ տեղ են գտնելու ԱրՊՀ այն ուսանողների կյանքն ու մարտական ուղին, ովքեր հավերժի ճամփան են բռնել Արցախյան առաջին, ապրիլյան և 44-օրյա պատերազմների ընթացքում:

ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանն իր խոսքում նշել է, որ 44-օրյա պատերազմից հետո  պատմական ծանր ժամանակներում ենք ապրում, բայց չպետք է վհատվել, պարտավոր ենք դիմակայել դժվարություններին, պատմության սխալներից դասեր քաղել  ու երբեք չհրաժարվել փառքի մայիսից, որը պատգամում է վերածնվել:

«Մեր հոգում ամրագրված է հարատևելու կամքը: Մենք վստահաբար վերածնվելու ենք: Սա է մեզ պատգամում մեր փառավոր մայիսը: Մայիսյան հաղթանակները մեզ պատգամում ու հրամայում են հասնելու նրան, հանուն որի  ընկան մեր տղաները: Պետք է կարողանանք զսպել կորստի ցավը և առաջ գնանք, դուրս գանք ես-ի նեղ անձնական սահմաններից և գնալ դեպի մենք-ը՝ ամուր պահելով մեր ինքնությունը»,-նշել է նախարար Ղարախանյանը՝ կարևորելով պատմությունից դասեր քաղելը, սխալները շտկելը և կրթական համակարգի ու մտավորականության դերը համազգային նպատակներին հասնելու գործում:

Նախարարը խոսել է նաև պատերազմի հետևանքով կորսված հուշարձանների, աշխարհի ամենատես աչքի առջև դրանց ոչնչացման և նախարարության կողմից մշակութային ցեղասպանությունը կանխելուն ուղղված աշխատանքների մասին:

ՊԲ հրամանատարի ԲՀԱ գծով տեղակալ, գնդապետ Նորայր Մկրտչյանը ներկայացրել է մայիսյան հաղթանակների՝ Ավարայրից մինչև Շուշիի ազատագրում, պատմական նշանակությունը, խորհուրդը, Արցախյան 44-օրյա պատերազմում հայ զինվորի ցուցաբերած սխրանքն ու դրվագներ հայոց բանակի մղած անհավասար ու արյունալի մարտերից:

«44-օրյա պատերազմի ընթացքում ծավալվել են արյունալի մարտեր ամեն մի թիզ հողի համար, և մեր զինվորները ցույց են տվել հերոսական օրինակներ: Այս տարի Եռատոնը դիմավորում ենք 44-օրյա պատերազմից հետո ստեղծված նոր իրողություններում, սակայն այն չի դադարում Եռատոն լինելուց: Այսօր Արցախը վիրավոր է, բայց անպարտ»,-նշել է Ն. Մկրտչյանը՝ հավելելով, որ ժամանակակից մարտերում իշխում է ինտելեկտը, հետևաբար կարևոր է ուսանողության լավ սովորելը և հայրենիքի համար պիտանի մարդ դառնալը:

«Ավարայրից Սարդարապատ, Մեծ Հայրենականից Շուշի հայ ժողովրդի ունեցած ձեռքբերումներն ու հաղթանակները վկայում են, որ դրանք արդյունք էին ոչ միայն արիության, այլ նաև՝ ներդաշնակ միաբանության»,-ընդգծել է Ն. Մկրտչյանը:

Շնորհակալություն հայտնելով բանախոսներին՝ ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը ՊԲ-ին է նվիրել ԱրՊՀ գիտխորհրդի կողմից տպագրված  «Արցախի ժողովրդագիտությունը» աշխատության հատորները: