Արցախի պետական համալսարան

Մայիսի 7-ին Արցախի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում կազմակերպվել է գիտական կոնֆերանս՝ նվիրված ՀՀ և ԱՀ ազգային հերոս, Արցախյան պատերազմի ակտիվ մասնակից, հայազգի հրամանատար Մոնթե Մելքոնյանի հիշատակին: Միջոցառումը նախաձեռնել էր գրականության և ժուռնալիստիկայի ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Զինաիդա Բալայանը՝ «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության ուսանողների մասնակցությամբ:

Միջոցառման ընթացքում ուսանողները ելույթներ են ունեցել Մոնթեի կյանքի, գործունեության, նրա հերոսական կերպարի և մարտական ուղու մասին՝ արժևորելով արցախյան ազատամարտում նրա ունեցած դերն ու նշանակությունը:

«Այսօր, ավելի քան երբևէ, հրատապ է դառնում մեր ազգային հերոսներին ու նվիրյալներին հիշելը, նրանց հավերժ ներկա դնելը, նրանցից  նոր դասեր առնելն ու  մեր բացթողումները հասկանալը: Մոնթեն ոչ թե  մեր հիշողության մեջ է, այլ մեր կողքին և մեր սրտում» ,- նշել է Զ.Բալայանը՝ հավելելով, որ այսօրվա սերունդը պատրաստ է արցախահայոց հաղթական ժամը կերտելուն և հատուցում պահանջելուն:

«Հայոց լեզու և գրականություն»  մասնագիտության 1-ին կուրսի ուսանողուհի Աննա Դանիելյանը իր ելույթում ընդգծել է, որ Մոնթեի՝ հայրենանվեր, մարդկային բոլոր առաքինի հատկանիշներով օժտված կերպարը հազարավոր հայորդիների համար եղավ օրինակելի և շարունակում է  դաստիարակել նաև նորօրյա  սերնդին:

Ներկաները միջոցառման ավարտին դիտել են Մոնթեի մասին պատմող ֆիլմ: