Արցախի պետական համալսարան

Հարգելի գործընկերներ, սիրելի ուսանողներ,
ավարտին է մոտենում 2012 -ը: Եվս մեկ-երկու օր, և մենք կդիմավորենք նոր` 2013 թվականը, որը մեր համալսարանի համար կլինի 44-րդը: Ամանորն, իհարկե, մեր ժողովրդի ամենասիրելի տոներից մեկն է, քանի որ նոր տարվա շեմին յուրաքանչյուր ոք միշտ էլ ակամա մտորում է անցնող տարվա ձեռքբերումների և գալիք տարվա այն անելիքների մասին, որոնցով մտադիր է պահպանել այդ նվաճումները և բացառել թերությունները: Տարին նշանավոր էր նրանով, որ զգալիորեն ամրապնդվել է համալսարանի նյութատեխնիկական բազան, նորագույն տեխնոլոգիաների ներդրման շնորհիվ բարձրացել է ուսման որակը, արդյունավետորեն լուծվել են սոցիալական խնդիրները:

Մեր համալսարանի բավականաչափ մեծ կոլեկտիվի յուրաքանչյուր դասախոսի, աշխատողի, ուսանողի համար հերթական ամանորը կարևոր է նաև նրանով, որ ահա արդեն ավելի քան երկու տասնամյակ շարունակ համալսարանականները անուրանալի ներդրում են ունենում հարազատ Արցախի անկախ պետականության հռչակման ու հետագա կայուն զարգացման, հայ ժողովրդի վաղեմի իղձերի ու երազանքների իրականացման գործում: 25 տարի առաջ` 1988թ. փետրվարի 13-ին, Արցախի պետական համալսարանի, այն ժամանակ` մանկավարժական ինստիտուտի, ուսանողներն ու դասախոսներն առաջին անգամ Ստեփանակերտում բողոքի ցույց կազմակերպեցին, որը հետագայում դարձավ համաժողովրդական ազատագրական պայքարի Արցախյան փուլի մեկնակետը: Համալսարանի դասախոսներն ու ուսանողները անձնվիրաբար մասնակցեցին նաև Արցախյան գոյապայքարին, ցավոք, նրանցից 72-ը դարձան հավերժի ճամփորդներ ու բախտ չունեցան տեսնելու պատերազմի հաղթական ավարտը:
Հավերժ փառք մեր նահատակված բոլոր ընկերներին:
Այսօր Արցախի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական և ուսանողական կազմը, առաջադրված կարևորագույն խնդիրների կատարման գիտակցությամբ ու վճռականությամբ, հնարավոր ամեն ինչ անում է` Մայր բուհի վարկանիշը բարձր պահելու, մեր երկրում գիտությունն ու կրթությունը զարգացնելու, տնտեսությունը որակյալ մասնագետներով շարունակաբար համալրելու համար:       
Թույլ տվեք Արցախի պետական համալսարանի ղեկավարության անունից և անձամբ իմ կողմից սրտանց շնորհավորել համալսարանի բոլոր դասախոսներին, աշխատողներին, ուսանողներին և նրանց հարազատներին` նոր տարվա կապակցությամբ և ցանկանալ նորանոր հաջողություններ ուսման մեջ, անձնական կյանքում և գիտամանկավարժական գործունեության բնագավառում:
ԱրՊՀ ղեկավարությունը լիահույս է, որ 2013թ.-ը համալսարանականներին և առհասարակ` բոլոր հայկական օջախներին, կբերի երկար սպասված կայուն խաղաղություն, բարեկեցիկ կյանք ու երաշխավորված կայուն ապագա:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ: