Արցախի պետական համալսարան

Մայիսի 11-ին ԱրՊՀ է այցելել Հայաստանի հանրային հեռուստաընկերության պատվիրակությունը` գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էին հանրային հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանը, հեռուստաընկերության մեդիաակադեմիայի ղեկավար Լենա Մինասյանը և հանրության հետ կապերի ծառայության ղեկավար Աննա Օհանյանը: Այցի ընթացքում  «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի և «Արցախի Պետական Համալսարան» ՊՈԱԿ-ի միջև կնքվել է  ռազմավարական համագործակցության մասին հուշագիր:

Ողջունելով ներկաներին՝ ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը  կարևորել է հուշագրի ստորագրումն ու Հայաստանի հանրային հեռուստաընկերության հետ համագործակցությունը՝ նշելով, որ համագործակցության շրջանակում հնարավոր կդառնա ոչ ֆորմալ կրթության ձևաչափով կարճաժամկետ ծրագրերով թողարկել կադրեր լրագրության  նեղ մասնագիտացման ոլորտում: Ռեկտորը հույս է հայտնել նաև, որ համագործակցությունը կլինի շարունակական ու արդյունավետ:

Հայաստանի հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանն, իր հերթին կարևորելով հուշագրի կնքումը, նշել է, որ այն գործնական-կրթական ծրագրերի մեկնարկ է, որի արդյունքում պատրաստված լավագույն կադրերը աշխատանքի առաջարկներ կստանան տարբեր հեռուստաընկերությունների կողմից: Նրա խոսքով՝  հուշագիրը նպատակ ունի ամրապնդել կապերը կրթության ոլորտում, նպաստել որակյալ մասնագետներ պատրաստելուն  և  առաջիկայում արդեն կհայտարարվի ընդունելություն:

Ըստ համագործացության հուշագրի՝ կողմերը կիրականացնեն ռազմավարական գործընկերություն և երկարաժամկետ համագործակցություն, որի նպատակներն են հեռուստաընկերության կողմից ԱրՊՀ ուսանողներին և երիտասարդ   փորձագետներին աջակցությունը և տեսական գիտելիքների գործնականում կիրառելու հնարավորության ապահովումը, մասնագիտական փորձի միջոցով կիրառական գիտելիքների ձեռքբերումը, հեռուստաընկերության հմուտ մասնագետների կողմից ուսանողներին խորհրդատվության տրամադրումը, արդյունավետ պրակտիկայի կազմակերպումը,  պետության՝ մշակույթի ոլորտի զարգացման, առաջխաղացման նկատառումներից ելնելով՝ կողմերի համատեղ կարողություններով, ռեսուրսներով և բարձր պատրաստակամությամբ երիտասարդ կադրերի վերապատրաստումը:

Համագործակցության հիմնական ուղղությունները լինելու են  համատեղ միջոցառումների, ծրագրերի, դասախոսությունների, վեբ-դասերի, կլոր սեղանների և վարպետության դասերի կազմակերպումն ու անցկացումը  հեռուստաընկերության՝ համապատասխան որակավորում ունեցող հմուտ մասնագետների, մշակույթի ոլորտի կարկառուն ներկայացուցիչների  կողմից, դասընթացների կազմակերպումը Արցախում՝  2 ամիսը մեկ անգամ հաճախականությամբ՝ մեկ շաբաթ տևողությամբ, հեռուստաընկերության մասնագետների ներգրավվում դասավանդման, խորհրդատվության, գիտական աշխատանքների վերլուծության, ԱրՊՀ պարբերական հրատարակություններում տպագրվող գիտական հոդվածների, ուսանողների բակալավրի ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի գրախոսման և այլ գործընթացներում՝ հեռուստաընկերության գործունեության ոլորտին վերաբերող հարցերի շուրջ: Համագործակցության կարևոր ուղղություններից են լինելու նաև համապատասխան մասնագիտական ստորաբաժանումների ուսանողների, ասպիրանտների և դիմորդների համար հեռուստաընկերության մասնագետների կողմից նախապատրաստական, նախադիպլոմային և գիտական պրակտիկաների կազմակերպումը, պրակտիկայի անցկացումը:

Համագործակցությունը ենթադրում է նաև կողմերի՝ ստեղծագործ գաղափարների փոխանակման արդյունքում զանազան հաղորդաշարերի մշակում և արտադրություն՝ գիտական և գործնական հետազոտություններ հեռուստաընկերության գործառույթների լայն շրջանակների ոլորտում (ֆիլմեր, հեռուստահաղորդումներ, լրագրության ժանրի հոդվածներ և այլն):