Արցախի պետական համալսարան

Մայիսի 13-ին հրավիրվել է բանասիրական ֆակուլտետի մեծ խորհրդի նիստ, որի ընթացքում բանասիրական ֆակուլտետի դեկան, բ.գ.թ., դոցենտ Լուսինե Մարգարյանը ներկայացրել է 2019-2020 ուսումնական տարում ֆակուլտետի կատարած աշխատանքների մասին հաշվետվությունը, և տեղի է ունեցել ԱրՊՀ 50-ամյակի հուշամեդալով պարգևատրության  արարողություն:

Դեկան Լ. Մարգարյանը ներկայացրել է հաշվետու տարում ֆակուլտետի  կառուցվածքը   և նրա կառավարման համակարգը, կրթական գործունեության կազմակերպումը, ուսումնամեթոդական  գործունեությունը,  ուսանողների  կատարած գիտական  աշխատանքը,  դաստիարակչական  ու  կրթական  ժամանցը, համագործակցությունը և ինքնավերլուծությունը՝ ուժեղ  ու թույլ կողմերով:

2019-2020 ուսումնական տարում ֆակուլտետում  ուսումնագիտական գործունեությունն  իրականացվել է  4  ամբիոններում ՝ Ակ.  Ս. Աբրահամյանի  անվան  հայոց լեզվի, ռոմանագերմանական լեզուների, գրականության և լրագրության, ռուսաց  լեզվի  և գրականության:  Ֆակուլտետի  2019-2020 ուստարվա  ուսումնական ծանրաբեռնվածությունը   կազմել  էր  43595  ակադեմիական ժամ, որը  բաշխվել  էր 4  ամբիոնների  միջև:

Ուսումնամեթոդական  գործունեությունը  բնութագրելով՝   Լ. Մարգարյանը նշել է. «Հաշվետու տարին   կարող ենք  բնութագրել կրթության  որակի բարելավմանն ուղղված աշխատանքների համակարգման տարի՝  մեկնարկին, իսկ   երկրորդ կիսամյակից՝  նոր մարտահրավերին՝  համավարակին,  արագ  արձագանքելու և ուսուցման գործընթացը հնարավորինս  լիարժեք  կազմակերպելու հնարավորությունների համակարգման  ժամանակահատված: Երկրորդ  կիսամյակում շրջվեց  ուսումնական գործընթացը,  և  ստիպված  էինք  հեռավար կարգով ուսուցումը կազմակերպելու:  Այն  հնարավորինս  լիարժեք  իրականացնելու հնարավորություն ունեցանք՝  շնորհիվ  ռեկտորատի կողմից  մեկշաբաթյա  պարբերականությամբ, ըստ  խնդիրների,   ընդունվող  որոշումների: Ինչպես  բուհի բոլոր ստորաբաժանումները, նաև բանասիրականն ուներ   իր դասախոսական անձնակազմի կողմից  կազմված էլեկտրոնային դասախոսությունների բանկը և բոլոր  դասընթացների առարկայական նկարագրերը»:

Դեկանը ներկայացրել է նաև կադրային ներուժի զարգացման ուղղությամբ արձանագրված ձեռքբերումները, տարվա ընթացքում իրականացված բազմաբնույթ այն միջոցառումները, որոնք միտված են եղել կրթադաստիարակչական, գիտահետազոտական, ուսումնական գործընթացի բարելավմանը, միջբուհական, բուհ-դպրոց կապերի ամրապնդմանը, հասարակությանը կրթագիտական արժեքներ փոխանցելուն և այլ առանցքային ոլորտների:

Լ. Մարգարյանը  որպես ինքնավերլուծության ուժեղ կողմեր առանձնացրել է  ֆակուլտետում լիարժեք  ներդրված էլեկտրոնային ուսուցման  հարթակը և այդ  ռեսուրսներից  օգտվելու  ունակ  պրոֆեսորադասախոսական,  վարչական և ուսանողական  համակազմ ունենալը, հետևողականորեն իրականացվող աշխատանքները`  ուղղված ուսանողների իրազեկվածության մակարդակի  բարձրացմանը,  ֆակուլտետի  բոլոր ամբիոններում  մասնագիտական կրթական ծրագրերը մշակված  ու ներդրված լինելու փաստը, համաչափ  զարգացման ու լավ փորձի տարածման հարթակի ստեղծված լինելը: Խոսելով թույլ կողմերի մասին՝  ընդգծել է միջամբիոնային փոխգործակցության   ակտիվացման անհրաժեշտությունը և  օտար լեզվով  դասընթացների թվի աճի  ապահովումը  այլ կրթական ծրագրերի շրջանակներում:

Հաշվետվության շուրջ ելույթներ են ունեցել ԱրՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Գ. Սահակյանը, դասախոսներ Ս. Խանյանը, Զ. Բալայանը, Ռ.  Պետրոսյանը, ովքեր բարձր են գնահատել 2019-2020 ուստարում ֆակուլտետի կատարած աշխատանքը: Հաշվետվությունը գնահատվել է  բավարար:

Ռեկտոր Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ֆակուլտետի համակազմին ու դեկան Լ. Մարգարյանին՝ արդյունավետ իրականացրած աշխատանքի համար և  ԱրՊՀ 50-ամյակի հուշամեդալով պարգևատրել ֆակուլտետի աշխատանքներում ակտիվություն ցուցաբերած, համալսարանի զարգացման գործում ավանդ ունեցած  դասախոսների և աշխատակիցների: