Արցախի պետական համալսարան

Արցախի  պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի գրականության և ժուռնալիստիկայի ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Զինաիդա Բալայանի  նախաձեռնությամբ կազմակերպվել է հուշ-ցերեկույթ «Հիշատակի և հաղթանակի ղողանջներ» խորագրով՝ նվիրված Արցախյան բոլոր պատերազմներում նահատակված նվիրյալների անմար  հիշատակին: Միջոցառմանը ներկա էին դասախոսներ և ուսանողներ:

Միջոցառման կազմակերպիչ Զ. Բալայանը իր ելույթում երախտագիտության խոսք է հղել հանուն հայրենիքի ընկածների ընտանիքներին և հարազատներին՝ նշելով. «Այսօր մեր պատմությունը լի է հեղհեղուկ իրադարձություններով, իր բացասական, բայց  և  աննշան դրական կողմերով: Մենք  իրավունք չունենք ծնկելու կամ ընկճվելու, քանի որ այդ պամությունը իրենց  սուրբ արյամբ կերտել են հայ ազգի նվիրյալները, մեր լավագույն հայորդիները, որոնց  հիշատակի առջև հավերժ խոնարհվում ենք»:

 

            «Արցախյան 44-օրյա պատերազմից անցել  է 8 ամիս, բայց մեր վերքերը չեն սպիացել ու չեն սպիանա երկար ժամանակ: Մենք պետք է հիշենք մեր անցածը և հասկանանք, որ մեծ վրեժ ունենք, որը պետք է լուծենք Արցախը շենացնելով, ապրեցնելով և արժանի սերունդ դաստիարակելով»,- իր ելույթում նշել է միջոցառման մասնակից «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության առաջին կուրսի ուսանողուհի Աննա Դանիելյանը:

            Միջոցառման ընթացքում ուսանողները հանդես են եկել ասմունքով, երաժշտական կատարումներով, պարային ու բեմական համարներով՝ իրենց ելույթներում ընդգծելով հավերժի ճամփորդ դարձած մեր բոլոր հայորդիների սխրանքն ու սուրբ գործը: