Արցախի պետական համալսարան

Ամփոփվել են ապրիլի 21-ին ԱրՊՀ-ում  կայացած ծրագրավորման օլիմպիադայի արդյունքները, որին մասնակցում էին մոտ երեք տասնյակ ուսանողներ և աշակերտներ:

Օլիմպիադան նախաձեռնել էին ԱրՊՀ բնագիտական ֆակուլտետի «Կիրառական մաթեմատիկայի և ինֆորմատիկայի» ամբիոնի վարիչ, դոցենտ Վ. Առստամյանը և ամբիոնի դասախոսներ Ա. Մնացականյանը, Ս. Երիցյանը և Շ. Գրիգորյանը:

Արդեն 5-րդ անգամ անցկացվող օլիմպիադան այս տարի իրականացվել էր նաև առցանց եղանակով՝ ապահովելով մասնակցություն նաև հեռավար տարբերակով:  Մասնակիցներին առաջադրվել էին հայերեն ձևակերպված ալգորիթմական խնդիրներ, որոնց լուծումներն ավտոմատացված համակարգով թեստային ստուգման են ենթարկվել:

Օլիմպիադայի արդյունքներով մրցանակային առաջին տեղը զբաղեցրել է Հենրիխ Հարությունյանը, երկրորդ տեղը՝ Արգինե Սարգսյանը,  Շահինե Մարտիրոսյանը և Մարտիկ Ավագյանը, բարձր ակտիվություն են ցուցաբերել Մարատ  Մարտիրոսյանը, Մասիս Ղայամյանը,  Մարատ Փաշայանը, Արարատ Բաբայանը, Վարդուհի Մնացականյանը:

Օլիմպիադայի բոլոր մասնակիցները ԱրՊՀ կողմից պարգևատրվել են գրքերով, բարձր ակտիվություն ցուցաբերած  մասնակիցները՝  պատվոգրերով, իսկ մրցանակային տեղեր զբաղեցրած  մասնակիցները՝  գրքերով, պատվոգրերով ու նվերներով:

«Կիրառական մաթեմատիկայի և ինֆորմատիկայի» ամբիոնի վարիչ, դոցենտ Վ. Առստամյանի կողմից մրցանակային առաջին և երկրորդ տեղեր զբաղեցրած մասնակիցներն արժանացել են թանկարժեք նվերների, իսկ Շուշիի տեխնոլոգիական քոլեջի ուսանողուհի Լիլիթ Պետրոսյանը՝ որպես ամենակրտսեր մասնակից, «Կապիտալ Սոֆթ» ՍՊԸ-ի կողմից խրախուսվել է նվերով: