Արցախի պետական համալսարան

ԱրՊՀ  պատմության և իրավագիտության ֆակուլտետի պատմության ամբիոնի նախաձեռնությամբ կազմակերպվել է օլիմպիադա «Հայոց պատմություն» առարկայից, որին մասնակցել են հանրակրթական դպրոցների 9- 12-րդ դասարանների աշակերտները:

Օլիմպիադայում մրցանակային տեղեր զբաղեցրած մասնակիցները պարգևատրվել են ԱրՊՀ-ի կողմից: Մրցանակային առաջին տեղը  զբաղեցրել են Հոռաթաղի միջնակարգ դպրոցի  12- րդ դասարանի աշակերտուհի Արևիկ Բաղրյանը, Ստեփանակերտի համար 11 ավագ դպրոցի 12- րդ դասարանի աշակերտուհի Քնար Ասրյանը,  նույն դպրոցի աշակերտուհի Մարիամ Մկրտումյանը, երկրորդ տեղը զբաղեցրել է Ստեփանակերտի համար 11 ավագ դպրոցի 12- րդ դասարանի աշակերտուհի  Վիկտորյա Ասրյանը, իսկ երրորդ տեղը՝  Ստեփանակերտի համար 11 ավագ դպրոցի 12- րդ դասարանի աշակերտուհի Արփիկ Իշխանյանը:

Պատմության և իրավագիտության ֆակուլտետի դեկան, պ.գ.թ., դոցենտ Արմինե Առստամյանի խոսքով՝ ԱրՊՀ զարգացման ռազմավարական ծրագրում առանցքային տեղ է  գրավում բուհ-դպրոց կապը:

«Այս օլիմպիադան կարևոր  է  բուհ-դպրոց  կապի ամրապնդման և ապագա  դիմորդների շրջանում «Հայոց պատմություն» առարկայի նկատմամբ սեր ու  հետաքրքրություն առաջացնելու առումով: Բուհ-դպրոց կապի ամրապնդմանը միտված մի շարք միջոցառումներ ենք կազմակերպել, այդ թվում նաև՝ այցելություն դպրոցներ, այս անգամ ընտրեցինք օլիմպիադայի ձևաչափը, ինչը դրական արձագանք գտավ դպրոցականների շրջանում»,-նշել է Ա. Առստամյանը: