Արցախի պետական համալսարան

Մայիսի 17-ին ԱրՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի տնտեսագիտության տեսություն և կառավարում ամբիոնի դոցենտ, տ.գ.թ. Իրինա Իշխանյանի նախաձեռնությամբ կազմակերպվել են գիտական  ընթերցումներ, որին մասնակցել են «Ֆինանսներ» մասնագիտությամբ սովորող 2-րդ կուրսի ուսանողները:

Ուսանողները «Մարքեթինգ» դասընթացի շրջանակում կատարել են ինքնուրույն գիտահետազոտական աշխատանքներ՝ նախապես իրականացնելով 13 շուկայի ուսումնասիրություն, 100-ից ավելի առցանց հարցումներ, առաջադրել ոլորտի հետ կապված խնդիրներ ու ուսումնասիրության արդյունքում ուղենշել լուծումներ, կատարել եզրահանգումներ և հանդես եկել առաջարկություններով:

Միջոցառման նախաձեռնող Ի. Իշխանյանի խոսքով՝ գիտական ընթերցումների ձևաչափով կազմակերպված միջոցառումը ուսանողներին այլընտրանքային հարթակներով գիտելիքներ տալու, ինքնուրույն հետազոտական կարողությունները զարգացնելու, ինչպես նաև տեսական գիտելիքները գործնականում կիրառելու հմտությունները զարգացնելու նպատակին է միտված:

«Մարքեթինգի դերը ժամանակակից աշխարհում անչափ կարևոր է, և յուրաքանչյուր երկրի տնտեսական համակարգում առանցքային պետք է լինի մարքեթինգի և կառավարման կիրառումը՝ իր սկզբունքներով և մոտեցումներով: Մարքեթինգի իմացությունը  ուսանողներին կօգնի ավելի խելացի դրսևորվել  և´ իբրև սպառող, և´ իբրև արտադրող արդեն հետագայում, և՛ իբրև մասնագետ»,-նշել է Ի. Իշխանյանը»:

Տնտեսագիտության ֆակուլտետի դեկան Ռ. Մանգասարյանը և տնտեսագիտության տեսություն և կառավարում ամբիոնի վարիչ Շ. Ասրյանը, ողջունելով ուսանողների կատարած աշխատանքն ու գիտական ընթերցումների ձևաչափով կազմակերպված միջոցառումը, այն  համարել են անհրաժեշտ և կարևոր՝ ուսումնական գործընթացն ավելի հետաքրքիր ու տեսական գիտելիքները գործնականում կիրառելու տեսանկյունից արդյունավետ: