Արցախի պետական համալսարան

Մայիսի 18-ին հրավիրվել է տնտեսագիտական ֆակուլտետի մեծ խորհրդի նիստ, որի ընթացքում ֆակուլտետի դեկան, տ.գ.թ., դոցենտ Ռուզաննա Մանգասարյանը ներկայացրել է 2019-2020 ուսումնական տարում ֆակուլտետի կատարած աշխատանքների մասին հաշվետվությունը, և տեղի է ունեցել ԱրՊՀ 50-ամյակի հուշամեդալով պարգևատրության  արարողություն:

Դեկան Ռ. Մանգասարյանը ներկայացրել է հաշվետու տարում ֆակուլտետի  կառուցվածքը   և նրա կառավարման համակարգը, կրթական գործունեության կազմակերպումը, ուսումնամեթոդական  գործունեությունը,  ուսանողների  կատարած գիտական  աշխատանքը,  դաստիարակչական  ու  կրթական  ժամանցը, համագործակցությունը և ինքնավերլուծությունը՝ ուժեղ  ու թույլ կողմերով:

Ըստ Ռ. Մանգասարյանի՝  ֆակուլտետի առաքելությունը աշխատանքի շուկայի պահանջարկին համահունչ, մասնագիտական գիտելիքներով  և  հմտություններով  մրցունակ,  համամարդկային արժեքները ճանաչող  մասնագետների պատրաստումն է: 

«Ֆակուլտետի կրթական գործունեությունը պետք է համահունչ  լինի  փոփոխվող  միջավայրի առաջարկող պայմաններին: Այդ առումով, ֆակուլտետի ամբիոնները  պարբերաբար վերանայում և արդիականացնում են դասավանդվող առարկաների ուսումնական ծրագրերը, ինչպես նաև բակալավրիատի և մագիստրոսի կրթական ծրագրերի կառուցվածքը»,-նշել է դեկանը՝ հավելելով,  որ հաշվետու տարում ֆակուլտետում հետևողական աշխատանքներ են իրականացվել ուսումնական գործընթացի բարելավման, գիտահետազոտական գործունեության ընդլայնման, ուսանողական միջոցառումների ակտիվացման ուղղություններով, ինչի արդյունքում հաջողել է հաղթահարել հաշվետու տարում ի հայտ եկած մարտահրավերներն ու դժվարությունները: Ֆակուլտետում ներդրված է  հեռավար ուսուցման հարթակը՝ համապատասխան նյութերի առկայությամբ, որի գործարկմամբ նոր առաջընթաց է արձանագրվել առցանց ուսուցման ուղղությամբ:

Ռ. Մանգասարյանը ներկայացրել է նաև տարվա ընթացքում իրականացված բազմաբնույթ այն միջոցառումները, որոնք միտված են եղել կրթադաստիարակչական, գիտահետազոտական, ուսումնական գործընթացի բարելավմանը, միջբուհական, բուհ-դպրոց կապերի ամրապնդմանը, հասարակությանը կրթագիտական արժեքներ փոխանցելուն և այլ առանցքային ոլորտների:

Ֆակուլտետի որպես ուժեղ կողմեր դեկանը առանձնացրել է բուհ-գործատու համագործակցության ամրապնդումը, հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման և կրթական համակարգին առնչվող   հիմնախնդիրների շուրջ գիտա-հետազոտական աշխատանքների ծավալումը, գիտահետազոտական միջոցառումները, տնտեսության իրական հատվածից փորձառու և անհրաժեշտ գիտական կարողություններով մասնագետների ներգրավումը  ուսումնական գործընթացում և այլն: Թույլ կողմերի հաղթահարման համար անհրաժեշտ է համարում  դասախոսական կազմի մասնագիտական կարողությունների շարունակական  բարելավումը, վերապատրաստումները, արտաքին համագործակցության կապերի ընդլայնումը և այլն:

Դեկանի հաշվետվությունը իրենց ելույթներով բարձր և արդյունավետ են գնահատել ԱրՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Գ. Սահակյանը, տնտեսագիտության տեսության և կառավարման ամբիոնի վարիչ, տ.գ.թ., դոցենտ Շուշան Ասրյանը, ֆինանսահաշվային ամբիոնի վարիչ, տ.գ.թ., դոցենտ Նարինե Մելքումյանը, տ.գ.թ., դոցենտ Իրինա Իշխանյանը, ՈՒԽ ներկայացուցիչ  Հարութ Գևորգյանը:

ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել դեկան Ռ. Մանգասարյանին  և ֆակուլտետի համակազմին՝ արդյունավետ իրականացրած աշխատանքի համար՝  համալսարանի զարգացման գործում ներդրում ունեցած ֆակուլտետի մի խումբ դասախոսների ու աշխատակիցների պարգևատրել ԱրՊՀ 50-ամյակի հուշամեդալով: