Արցախի պետական համալսարան

Մայիսի 20-ին Արցախի պետական համալսարանի պատմության և իրավագիտության ֆակուլտետի  իրավունքի  ամբիոնի վարիչ, ի.գ.թ., դոցենտի պաշտոնակատար Գրետա Արզումանյանի նախաձեռնությամբ և Փաստաբանական պալատի անդամ, փաստաբան, իրավունքի ամբիոնի դասախոս Ռոման Երիցյանի համակարգմամբ կազմակերպվել է «Զրպարտությունը և վիրավորանքը» թեմայով դատախաղ: Դատախաղը անց է կացվել «Իրավագիտություն» մասնագիտության 3-րդ կուրսի ուսումնական պլանում ներառված «Քաղաքացիական դատավարություն» դասընթացի շրջանակներում: Միջոցառմանը ներկա էին ԱրՊՀ  ռեկտոր Ա. Սարգսյանը, ԱՀ դատական համակարգի, դատախազության, Փաստաբանական պալատի ներկայացուցիչներ, իրավունքի ամբիոնից դասախոսներ և  ուսանողներ:

Միջոցառման ընթացքում ուսանողներն ուսումնական նյութի շրջանակում ստացած իրենց տեսական գիտելիքները կիրառեցին գործնականում:

Ռեկտոր  Արմեն Սարգսյանը, կարևորելով  դատախաղի  կազմակերպման անհրաժեշտությունը, նշել է, որ դատավարության համար ընտրված թեման  արդիական ու պահանջված է: Շնորհակալություն հայտնելով դատախաղի մասնակից ուսանողներին ու կազմակերպիչներին՝ ռեկտորն առաջարկել է առաջիկայում կայանալիք ուսանողական համագումարում դատախաղին մասնակցած ուսանողներին արժանացնել խրախուսանքի:

«Կայացած դատախաղը դատավարության բնագավառում ուսանողների ստացած գիտելիքների ամփոփումն էր: Հաշվի  առնելով գործի բարդությունը՝ կարծում եմ   ուսանողներն  այսօր իրենց ցուցաբերեցին դրական հատկանիշներով»,- նշել է իրավունքի ամբիոնի վարիչ Գ.Արզումանյանը՝ հավելելով, որ կայացած դատավարությունը ուսանողներին հնարավորություն տվեց հմտանալու  մասնագիտական ոլորտում և փորձ ձեռք բերելու հետագա  գործունեության ծավալման  ուղղությամբ:

Դատավարության համակարգող Ռ. Երիցյանի խոսքով  նման միջոցառումների առանցքային նպատակն է  ուսանողներին, բացի տեսական գիտելիքներից, ծանոթացնել նաև  պրակտիկ աշխատանքին:

«Իրավաբանի մասնագիտությունը, հատկապես  մեր օրերում, շատ եմ կարևորում և դատավարության կազմակերպման ընթացքում ուսանողների  շրջանում  արդեն իսկ նկատել եմ ապագա լավ մասնագետների»,- իր խոսքում նշել է Ռ. Երիցյանը:

Դատախաղին  հրավիրված իրավական ոլորտի պատասխանատուներ Ն. Նարիմանյանը, Գ. Գրիգորյանը, Ա. Թադևոսյանը, Ա. Ապրեսյանը և ԱրՊՀ էթիկայի  հանձնաժողովի նախագահ Շ. Այդինյանը, կարևորելով թեմայի արդիականությունը և դատախաղի  նշանակությունը, գոհունակություն են հայտնել դատախաղի ընթացքում ուսանողների ցուցաբերած գիտելիքներից, գործնական կարողություններից և շնորհակալություն հայտնել միջոցառման մասնակից ուսանողներին ու կազմակերպիչ  դասախոսներին: