Արցախի պետական համալսարան

Մայիսի 25-ին ԱրՊՀ հոգեբանական կենտրոնի նախաձեռնությամբ կայացել է առցանց հանդիպում  Հայաստանի ամերիկյան համալսարանի հոգեբանների հետ, որին մասնակցել են նաև ԱրՊՀ հոգեբանություն դասավանդող դասախոսներ, հոգեբանական կենտրոնի աշխատակիցներ, «Հոգեբանություն» մասնագիտության 1-ին, 2-րդ կուրսերի ուսանողներ և մագիստրանտներ:

ԱրՊՀ ՈՒՇՀՀՏԱԳ պրոռեկտոր, հ.գ.թ., դոցենտ Վիտյա Յարամիշյանը, ողջունելով հանդիպման մասնակիցներին, շնորհակալություն է հայտնել Հայաստանի ամերիկյան համալսարանի հոգեբաններին և կարևորել փորձառու հոգեբանների հետ նման ձևաչափով հանդիպումն ու արդիական թեմաների վերաբերյալ ուսանողներին գիտելիքներ տրամադրումը:

«Այս հանդիպումը կարևորում եմ ոչ միայն ուսանողներին գիտելիք տրամադրելու, դասախոսական կազմի միջև փորձի փոխանակման, այլ նաև՝ միջբուհական հարաբերություններն ամրապնդելու ուղղությամբ»,-նշել է Վ. Յարամիշյանը:

Հայաստանի ամերիկյան համալսարանից հանդիպմանը մասնակցել են հոգեբաններ Ելենա Բարտեևան, Ելենա Սարդարյանը, Ռութ Քյուրփեյանը:

Հանդիպման ընթացքում երկու բուհերի մասնագետների միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել  կազմակերպել եռօրյա առցանց դասընթաց, որի ընթացքում ՀԱՀ հոգեբանները հանդես կգան դասախոսություններով՝ «Հետտրավմատիկ սթրեսի հաղթահարում», «Դեպրեսիա», «Կորստի և վշտի հաղթահարում», «Ինքնակրթություն» և ուսանողներին հետաքրքրող այլ թեմաների շուրջ:

ԱրՊՀ հոգեբանություն մասնագիտության դասախոս Արմինե Ալոյանի խոսքով՝ այսօր Արցախում յուրաքանչյուրը  կանգնած է ինչ-որ բան կորցրած լինելու փաստի առջև:

«Մենք կարևորում ենք մեր փոխանցած գիտելիքներին զուգահեռ նաև ուսանողների կողմից պրակտիկ գիտելիքների ձեռքբերումը: Այս տեսանկյունից շփումը ոլորտի փորձառու մասնագետների հետ, փորձի փոխանակումը, պատերազմի հետևանքով ստեղծված հոգեբանական խնդիրների լուծման ուղղությամբ նոր գիտելիքների ձեռքբերումը պահանջված է»,-նշել է Ա. Ալոյանը:

Հոգեբան Մարիամ Գասպարյանն էլ առցանց հանդիպումը համարել է ուսանողների համար  լավագույն հնարավորություն տեսական և պրակտիկ գիտելիքներ ձեռքբերելու  տեսանկյունից:

ՀԱՀ մասնագետները պատրաստակամություն են հայտնել նախանշված թեմաներից բացի նաև դասախոսություններով հանդես գալ ուսանողների առաջարկած թեմաների շուրջ, պատասխանել նրանց հարցադրումներին:

Դասընթացին մասնակցելու, ժամանակացույցը, առցանց հանդիպման հասցեն ու գաղտնաբառը ձեռքբերելու համար դիմել ԱրՊՀ հոգեբանական կենտրոնին: