Արցախի պետական համալսարան

ԱրՊՀ-ում կազմակերպվել են  գարնանային կիսամյակի 2-րդ փուլի ընթացիկ ստուգումները, որոնք մեկնարկել էին մայիսի 17-ից և տևել մինչև մայիսի 28-ը:

Պատերազմով ու համավարակով պայմանավորված ուսումնական գործընթացի խնդիրներն արդեն քայլ առ քայլ լուծվում են և, կարելի է ասել, լայն առումով դրանք  հետևում են մնացել: Որպես արձանագրված դրական երևույթ՝ կարելի է մատնանշել այն փաստը, որ, ի տարբերություն առաջին ընթացիկ ստուգմանը մասնակցած ուսանողների թվակազմի, արդեն 2-րդ ընթացիկին մասնակցում է ուսանողական գրեթե ամբողջ կազմը: Ավանդական ձևով ուսուցման անցնելը նպաստել է ուսանողների ՝ մայր բուհ վերադարձին:  Քննասենյակ մտած խմբերը ուսանողական  գրեթե լրիվ կազմով են: Ուսումնական գործընթացի վերահսկման պատասխանատու Գոհար Գասպարյանի հավաստմամբ՝ ուսանողները հիմնականում  գոհ են քննությունների ընթացքից: Նրանք իրազեկված են իրենց իրավունքների և պարտականությունների, համապատասխան կանոնակարգերի մասին, այդ թվում նաև` քննասենյակի կարգապահական կանոններին: ԱրՊՀ ուսումնական գործընթացի վերահսկման բաժնի աշխատակիցները, նախքան քննությունների մեկնարկը, ուսանողներին տեղեկացնում են քննությունների անցկացման կարգի, ուսանողների իրավունքների և պարտականությունների մասին: Քննատոմսերի բովանդակային որակը ևս իրավասու մարմինների ուշադրության կենտրոնում է: Ուսումնական գծով պրոռեկտորի անմիջական վերահսկողությամբ պարբերաբար թարմացվում են թեստերը, ենթարկվում փորձաքննության:

«Ստուգումներն անցել են բնականոն հունով, առանց միջադեպերի, և էական խնդիրներ չեն արձանագրվել: Ուսանողների դժգոհության պատճառ հանդիսացած խնդիրները հիմնականում թեստերի բովանդակությանն էին առնչվում, որոնք  համակարգված ներկայացվելու են ուսումնական գծով պրոռեկտորին, պրոռեկտորն էլ իր հերթին կներկայացնի համապատասխան ամբիոններին, և առկա խնդիրների լուծման ուղղությամբ կձեռնարկվեն աշխատանքներ»,-նշել է ՈւԳՎ բաժնի պետ Գոհար Գասպարյանը՝ հավելելով, որ ստուգումների բնականոն ընթացքը պայմանավորված է այն աշխատանքներով, որոնք կատարվել են նախորդ տարիներին ի հայտ եկած խնդիրների լուծման ուղղությամբ: