Արցախի պետական համալսարան

Հունիսի 3-ին հրավիրվել է պատմության և իրավագիտության ֆակուլտետի մեծ խորհրդի նիստ, որի ընթացքում ֆակուլտետի դեկան, պ.գ.թ., դոցենտ Արմինե Խաչատրյանը ներկայացրել է 2019-2020 ուսումնական տարում ֆակուլտետի կատարած աշխատանքների մասին հաշվետվությունը, և տեղի է ունեցել ԱրՊՀ 50-ամյակի հուշամեդալով պարգևատրության  արարողություն:

Դեկան Ա. Խաչատրյանը ներկայացրել է հաշվետու տարում ֆակուլտետի  կառուցվածքը   և նրա կառավարման համակարգը, կրթական գործունեության կազմակերպումը, ուսումնամեթոդական  գործունեությունը,  ուսանողների  կատարած գիտական  աշխատանքը,  դաստիարակչական  ու  կրթական  ժամանցը, համագործակցությունը և ինքնավերլուծությունը՝ ուժեղ  ու թույլ կողմերով:

«2019-2020 ուստարում ֆակուլտետի  ուսանողության  թիվը   կազմում էր   411, որից 227- ը բակալավրիատի, 59 մագիստրատուրայի   առկա ուսուցման համակարգում, 122-ը՝ հեռակա ուսուցման համակարգում: Ֆակուլտետում ձևավորված  էր 32 խումբ.  բակալավրիատի 4 մասնագիտությունների գծով առկա  էր 23  խումբ՝  13-ը  առկա, 10-ը հեռակա,  5  մասնագիտացումներով՝ մագիստրատուրայի 9 խումբ, որոնցից մեկը՝ հեռակա»,-նշել է դեկանը՝ ներկայացնելով նաև տարվա ընթացքում իրականացված բազմաբնույթ այն միջոցառումները, որոնք միտված են եղել կրթադաստիարակչական, գիտահետազոտական, ուսումնական գործընթացի բարելավմանը, միջբուհական, բուհ-դպրոց կապերի ամրապնդմանը, հասարակությանը կրթագիտական արժեքներ փոխանցելուն և այլ առանցքային ոլորտների:

Դեկանը ներկայացրել է նաև ֆակուլտետի թույլ և ուժեղ կողմերը, թույլ կողմերի բարելավման տեսլականը և նախանշել անելիքները: Թույլ կողմերի հաղթահարման համար նա ընդգծել է ֆակուլտետ-գործատու գործակցության ամրապնդման անհրաժեշտությունը:

Հաշվետվության շուրջ ելույթներ են ունեցել ԱրՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Գ. Սահակյանը, ֆակուլտետի ամբիոնների վարիչներ, ի.գ.թ., դոցենտ Գրետա Արզումանյանը, պ.գ.թ., դոցենտ Նունե Սարումյանը, ԼՂՀ վաստակավոր նկարիչ,պրոֆեսորի պաշտոնակատար  Լավրենտ Ղալայանը, դասախոս, փ.գ.թ., դոցենտ Աննա Հակոբյանը, ովքեր բարձր են գնահատել 2019-2020 ուստարում ֆակուլտետի կատարած աշխատանքը: Հաշվետվությունը գնահատվել է  բավարար:

Ռեկտոր Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ֆակուլտետի համակազմին ու դեկան Ա. Խաչատրյանին՝ իրականացրած աշխատանքի համար և  ԱրՊՀ 50-ամյակի հուշամեդալով պարգևատրել ֆակուլտետի աշխատանքներում ակտիվություն ցուցաբերած, համալսարանի զարգացման գործում ավանդ ունեցած  դասախոսների և աշխատակիցների: